Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում կբացվի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում կբացվի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) Բանգլադեշի գործընկերային պատվիրակության այցը Հայաստան, որը վերաբերում էր մայրաքաղաք Դաքքայում «Արմաթ» աշխատանոցի բացմանը։ Լաբորատորիայի բացումը նախատեսվում է իրականացնել 2022 թվականի գարնանը Դաքքայի Ռազմաօդային դպրոցում՝ DIP (Development Innovation Platform) հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում։ 

Պատվիրակությունը կազմում էին Բանգլադեշի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչության թվով 7 պաշտոնյաներ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարարություն) և DIP  (Development Innovation Platform) հիմնադրամի 3 ներկայացուցիչ:

ԱՏՁՄ գործընկերներն այցելեցին «Արմաթ» լաբորատորիաներ Երևանում և մարզերում, ինչպես նաև Դիլիջանում հանդիպեցին «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցի սաներին։ Հյուրերը վստահություն հայտնեցին, որ աշխատանոցի բացումը Դաքքայում մեծապես կնպաստի պատանիների մասնագիտական կողմնորոշմանը։

«Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության պետական ու հասարակական ոլորտի ներկայացուցիչների այցի նպատակը  Հայաստանում ստեղծված կրթական նախագծի դրական փորձի ու կիրառելի արդյունքի փոխանցումն ու կիրարկման իրագործելության բացահայտումն էր։ Այցերը դպրոցներ ու լաբորատորիաներ օգնեցին որոշում կայացնողներին ընդհանրական պատկերացում կազմել «Արմաթի» բովանդակության և նախագծի իրականացման շուրջ։ Բանգլադեշի ներկայացուցիչները մատնանշեցին, որ կներկայացնեն «Արմաթն» իրենց Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գերատեսչությանը (High Tech Park Authority) և հետամուտ կլինեն «Արմաթը» Բանգլադեշի Հանրապետությունում ներդնելու հարցում», — նշեց ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը։

Որոշում կայացվեց, որ բանգլադեշցի երկու խմբավարները, Դաքքայում աշխատանոցի բացումից առաջ, կայցելեն Հայաստան՝ «Արմաթի» մեթոդոլոգիայի վերաբերյալ համապատասխան վերապատրաստումներն անցնելու և աշխատանքային գիտելիքներ ձեռք բերելու նպատակով։ Մոտ ապագայում կդիտարկվի Բանգլադեշի այլ վայրերում «Արմաթ» աշխատանոցների բացման հեռանկարը։

ԱՏՁՄ-ն մեկնարկել է հայկական կրթական մոդելն արտահանելու գործընթացը տարիներ առաջ՝ գրանցելով գործնական հաջողություններ և բացելով «Արմաթ» աշխատանոցներ նախ Հնդկաստանում, իսկ այժմ՝ Բանգլադեշում։ Վերջինիս պատվիրակությունը Հայաստան էր այցելել դեռ 2019 թվականին՝ «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսի օրերին, երբ Եթովպիայի, Աֆղանստանի և Մարոկկոյի իրենց գործընկերների հետ հյուրընկալվեցին Ագարակի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում։ Այնտեղ նրանք ծանոթացան ծրագրի առանձնահատկություններին, գրանցած հաջողություններին և արմաթցիների աշխատանքներին։

Հիշեցնենք, որ ներկա պահին գործում է 600 «Արմաթ» աշխատանոց Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում։ Շուրջ 15000 երեխա ներգրավված է «Արմաթ» ԻԼ նախագծերում։