Մշակույթ

«Իմ լավ նկարները դեռ առջևում են». Աշոտ Պետրոսյան

«Իմ լավ նկարները դեռ առջևում են». Աշոտ Պետրոսյան

Կասկադի ճարտարապետական արձանների կողքով անցնելով՝ հասնում ենք Սարգիս Մուրադյանի անվան պատկերասրահին, որտեղ նոյեմբերի 19-24-ը ցուցադրվելու են նկարիչ Աշոտ Պետրոսյանի կտավները՝ տարատեսակ գույներով ու ապրումներով։ Ամենուր աշնանային գույներ են, ձմեռային շունչ և լռություն, իսկ այդ լռության մեջ աղմկող կտավներն են։ Սրահի մեջտեղում հետաքրքրասեր երիտասարդներին իր բազմաժանր արվեստն էր ներկայացնում Աշոտ Պետրոսյանը՝ խորհրդավոր հանգստությամբ ու լայն ժպիտով։ «Ես կյանքն եմ պատկերում։ Նկարիչները պատկերում են այն, ինչ տեսնում են կյանքում», — ասում է նկարիչը։ «Ձեր տեսած կյանքը տա՞ք է» հարցին պատասխանում է. -«Տաքության մեջ սառնություն էլ կա, բայց պետք է լավը գտնել. ես լավն եմ փնտրում»։
Ցուցասրահում ներկայացված են և՛ Հայաստանում արված կտավները, և՛ Ամերիկայից բերվածներից մի քանիսը։ «Հայաստանի նկարները հիմնականում չեն գնում Ամերիկա, և Ամերիկայի նկարները չեն գալիս Հայաստան» ։ Նկարիչը չի հիշում կոնկրետ քանի կտավ ունի վրձնած։ «Մոտավոր 500»,- ասում է նա, բայց չի դադարելու ստեղծագործել ու կատարելագործվել, «սովորել ամբողջ կյանքում»։
Կտավներում նկարիչը ջանում է օգտագործել բոլոր գույները, բայց փիրուզագույնը նկատելի էր գրեթե բոլոր կտավներում։ «Սիրում եմ այդ գույնը, երևի ենթագիտակցորեն է այդ գույնը շատ, չնայած՝ փորձում եմ բոլոր գույները հավասար օգտագործել», — նասում է նա։
Նկարիչը ունի իր համար սիրելի նկարներ, որոնցից մեկը ներկայացվող կտավների շարքում էր։ Յուրահատուկ է իր համար, որովհետև բարդ ճանապարհ է անցել մինչև ստեղծվելը ու լավ է ստացվել։ «Գործեր կան, որ հեշտ են ծնվում, էս մեկը չէ, ու ես գոհ եմ։ «Հայացքը» ինձ համար նորություն է բերել»։ Նկարիչը մեզ հավաստիացնում է, որ նկարչությունը շատ խորը գիտություն է․«Տեխնիկա գոյություն ունի, որը սովորական մարդը չգիտի»։ Բազմազանություն սիրող նկարչի ամեն կտավ տարբերվում է մյուսից։ «Տարբեր ձևերով տարբեր բաներ են ստացվում»։ Արվեստագետ Պետրոսյանի համար շատ կարևոր է կոկիկությունը․«Թափթփված ինձ անհանգիստ եմ զգում թե՛ կյանքում, թե՛ արվեստանոցում»։ Արվեստանոցն էլ շատ լուսավոր է։ «Մի պատուհան ունեմ 5 մետր լայնությամբ և 5 մետր բարձրությամբ»։ Նա չի մրցակցում ոչ իր, ոչ էլ ուրիշի հետ։ «Կան գործեր, որ նոր մեթոդներով են ծնվում» — պատմում է նկարիչը։
Նկարիչը զրուցում էր մեզ հետ և հետաքրքրվում դիտորդների տպավորություններով։ «Հը՞, ո՞նց էր»,- ասում է ու լսում՝ «տպավորված ենք», «ձեր ձեռագիրը տարբերվում է» ու էլի նմանատիպ գովաբանող խոսքեր։ «Իմ լավ նկարները դեռ առջևում են»,-ասում է նկարիչը, երբ խոսում է իր ձեռագրից։
«Սա իմ երրորդ ցուցահանդեսն է։ Առաջինը 90-ականների վերջերին է եղել՝ լուսանկարչական, մի քանի տարի առաջ եղել է Ամերիկայում, հիմա էլ որոշեցի այստեղ անեմ։ Մոտ մեկ ամիս առաջ ծնվեց ցուցահանդեսի գաղափարը։ Ցուցահանդեսը նկարչի ներկայանալու լավագույն ձևն է, յուղաներկերով արված նկարները պետք է իրականում տեսնել»։
Ցուցահանդեսը բազմամարդ է եղել հատկապես առաջին օրը։ Եղել են նաև օտարերկրացիներ։ «Արվեստով հետաքրքրվողներ կան, երիտասարդության մեջ ավելի շատ են և գնալով արվեստը ավելի շատ է գնահատվելու»։
Արշավների սիրահար նկարիչը սիրում է նոր ծանոթություններ ու նոր միջավայր, ինչը նրան նոր մտքեր ու նոր մոտիվացիա է տալիս։ Ա. Պետրոսյանը ուսումնասիրում է ամբողջ աշխարհի նկարիչների կտավները, որ նոր բան ստեղծի։ Հենց այդպես էլ ստեղծվել են լուսանկարչական ալբոմները։ Պետք է նոր գաղափար տալ, որ աշխարհում դա նորություն լինի։
Նկարիչներին նայում է ըստ ժամանակների և ստեղծած արժեքների։ Ասում է՝ ամեն ժամանակաշրջան իր բացահայտումը ունի։ «Հնում չեն գնահատվել, որովհետև արժեքը չեն հասկացել, հետո սկսել են հասկանալ։ Գուցե ես էլ մի բան անեմ չգնահատվի, բայց հետո արժևորվի»։
«Արվեստն արվեստի՞ համար, թե՞ արվեստը մարդու» հարցին պատասխանում է՝ «Մարդիկ են ստեղծում արվեստը, արվեստն էլ ծառայում է մարդկանց, զարգացնում է մարդկանց միտքը, զգացմունքները, զգացողությունները»։

Լուսինե Ալեքսանյան (թղթակից)