Գիտակրթական

Մասնագիտական գրականության պակասը համալսարաններում և դրա լուծման ուղիները

Մասնագիտական գրականության պակասը համալսարաններում և դրա լուծման ուղիները

Հայաստանի Հանրապետությունում գործում է մոտ 110 համալսարան (33  պետական, 3 միջպետական, 27 մասնավոր, 36 չհավատարմագրված համալսարաններ և արտերկրի բուհերի մասնաճյուղեր)։  Բոլոր համալսարաններում ուսանողները բախվում են բազմաթիվ խնդիրների։ Բայց դրանցից առաջնային տեղ կարելի է հատկացնել մասնագիտական գրականության պակասին։ Կան որոշ գրքեր, սակայն դրանք, այսպես ասած, «սովետի թվի» են և աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը, կամ էլ հրատարակված են օտար լեզուներով։ Վերջինս նաև հակասում է Հայաստանի Հանրապետության լեզվի մասին օրենքի երկրորդ հոդվածին։ Այնտեղ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է և ուսուցումը կրթական հաստատություններում պետք է արվի հայերենով։  


Բազմաթիվ մասնագիտություններում  անհրաժեշտ նյութերը գերազանցապես անգլերեն կամ ռուսերեն են, ինչը կրկնակի դժվարություն է առաջացնում ուսանողների համար։ Այս դեպքում նրանք  ստիպված են լինում հավելյալ աշխատանքներ կատարել նյութը թարգմանելու, մշակելու ու սովորելու համար։ Մեծ թիվ են կազմում նաև այն ուսանողները, որոնք լեզվի խնդիր ունեն, չեն կարողանում հասկանալ օտարալեզու գրականությունը և ըստ այդմ էլ, ամենայն հավանականությամբ, չեն կարող դառնալ իրենց ոլորտի գերազանց մասնագետներ։ Այստեղ կարևոր է նշել նաև, որ այս ամենը կարող է դառնալ նաև այլ խնդրիների պատճառ, սկսած լեզվամտածողության «խանգարումներից» մինչև մասնագիտությունների և մայրենի լեզվի անկում։ Այսինքն՝ նյութը ամբողջովին չհասկանալով՝ ուսանողները հետագայում աշխատանքի անցնելիս կթերանան ոլորտում, իսկ նրանք, ովքեր գնացել են աշակերտներ կրթելու ուղիով, չեն կարողանա ճշգրիտ տեղեկատվություն մատուցել հետագա սերնդին և այսպես անկում կապրեն թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական գիտությունները։ Այստեղ շեշտը կարելի է դնել հատկապես բնագիտական առարկաների վրա, որովհետև այնտեղ մասնագիտական բառապաշարը ավելի շատ է, և ուսանողները հաճախ կիրառելով օտարաբանություններ, մոռանում են իրենց մայրենի լեզուն։ Սա կարելի է ապացուցել՝ ուշադրությունը սևեռելով համալսարանականների բառապաշարի վրա։ Մասնագիտական գրականությանը բնորոշ տերմինները, միևնույն է, նրանց կողմից հնչեցվում են օտար լեզվով, չնայած հայերենում դրանց համարժեքերի առկայությանը։
Տարբեր համալսարաններում ուսանողները փորձել են անդրադառնալ այս խնդրին, մտահոգություններ հայտնել իրենց համալսարանի ղեկավարությանը։ Սակայն փաստացի խնդիրը դեռ լուծված չէ, որովհետև միայն բողոքելով, այսպես ասած, բան դուրս չի գա։


Իսկ ի՞նչ կարելի է անել։


Նախ անհրաժեշտ է մշակել որոշ մեխանիզմներ, որոնք քիչ թե շատ կկարողանան լուծել այս խնդիրը։ Այդ մեխանիզմների գործի դրման համար պետք է ոչ միայն հատուկ մարմինների աջակցությունը, այլև ուսանողների հետաքրքրվածությունը և մասնակցությունը։


Քանի որ համալսարանները չունեն թարգմանիչներ վարձելու հնարավորություն, ուսանողները կարող են իրենց աջակցությունը ցույց տալ մասնագիտական գրքերը թարգմանելու գործում։ Այսպես, համալսարանը ներկայացնում է համապատասխան գրականության ցանկ, որը պետք է թարգմանվի։ Տեղում կազմվում են ուսանողական խմբեր, որոնք ձեռնամուխ են լինում այդ գործընթացին։ Գրքի որակը ապահովելու համար նրանց տրամադրվում են մենթորներ և խմբագիրներ։ Որպեսզի այն չխանգարի ուսանողների դասապատրաստմանը, կարելի է թարգմանությունները դարձնել ստուգարքների, քննությունների մի մասը կամ էլ կարելի է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել մրցույթ
։ Ծրագրի մեջ բոլոր համալսարաններին աշխատանքի մղելու համար կարելի է կազմակերպել ուսանողական-համալսարանական պետական մրցույթներ, որտեղ որակյալ թարգմանությամբ հանդես եկած ուսանողները և համալսարանները կպարգևատրվեն։ Այս եղանակով տարեցտարի կավելանա հայերեն թարգմանված մասնագիտական գրքերի քանակը և քիչ թե շատ կլուծվի վերը առաջադրված խնդիրը։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)