Ժամանակակից կրթության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները
ժամանակակից կրթության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները
Ցանկացած պետության գոյությունն ու զարգացումը ուղղակիորեն կախված է կրթական համակարգի վիճակից։ Եթե պետությունը ձգտում է զարգանալ և նվաճել առաջատար դիրքեր աշխարհում, ապա առաջին հերթին ուշադրություն է դարձնում բնակչության կրթվածության և գրագիտության մակարդակին։ Դա պայմանավորված է նրանով, որ հասանելի և զարգացած կրթական համակարգի շնորհիվ հնարավոր է պատրաստել բարձր որակավորում ունեցող կադրեր, որոնք ներուժ կլինեն հասարակության և պետության զարգացման համար։
Այսօր գոյություն ունեցող կրթական համակարգը բավականին դժվար ժամանակներ է ապրում։ Խորհրդային տարիներին ստեղծված կրթական համակարգը գործնականում ոչնչացվել է, այն փոխարինվել է եվրոպական չափանիշներով ու միտումներով։ Սակայն բավականին հաճախ այդ չափանիշներն ու միտումները մերժվում են, քանի որ դրանք չեն համապատասխանում և չեն հարմարեցվում հայկական մտածելակերպի առանձնահատկություններին։
Կրթությունը Հայաստանում հռչակվել է որպես հրատապ բարելավման, ուշադրություն և ներդրումներ պահանջող ոլորտ։ Կառավարությունն ասում է, որ երկրի ապագան պետք է երաշխավորվի հենց կրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումներով։ Հայկական կրթական համակարգերը կառուցված են այնպես, որ շեշտը դրվի տեսական գիտելիքների ձեռքբերման վրա, մինչդեռ գործնական հմտությունները զարգացած չեն։ Առանց գործնական փորձի կրթությունը չի կարող արդյունավետ լինել։ Խնդիրը կրթական համակարգի չափազանց ակադեմիական բնույթի մեջ է։ Սրան կարելի է ավելացնել ուսանողների նախագծային և հետազոտական աշխատանքների անբավարարության և պրակտիկայի անարդյունավետության խնդիրը։ Կարևոր է կենտրոնանալ ոչ թե մեխանիկորեն անգիր արված գիտելիքների վրա, այլ ստեղծագործության դրսևորման, առաջադրանքների լուծման ստեղծագործական մոտեցման և այլնի վրա: Միաժամանակ եվրոպական երկրներում և Ամերիկայում կրթական համակարգն ավելի շատ կենտրոնացած է գործնական և հետազոտական փորձ ձեռք բերելու վրա։
«Կրթությունը համարվում է կարևոր, բայց ֆինանսավորումը չի ավելանում»։ Պետությունը մեծ նշանակություն է տալիս կրթությանը, սակայն, չնայած դրան, ՀՆԱ-ի մոտ 2,8 տոկոսն է հատկացվում այս ոլորտին — ասում է տնտեսագետ Սևակ Հովհաննիսյանը։ Սա ցածր ցուցանիշ է և հատկապես վերջին 10 տարիների ընթացքում նվազել է։ «Մենք նկատում ենք, որ կրթության վրա ծախսերն աճում են բացարձակ թվով, բայց ՀՆԱ-ի հետ կապված ֆինանսավորումը աստիճանաբար նվազել է։ Բացի այդ, շատ կարևոր է հասկանալ մեր ծախսերի մակարդակը՝ համեմատելի այլ երկրների հետ։ Օրինակ՝ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 3,8 տոկոս, Մոլդովայում՝ 6,1 տոկոս, Բալթյան երկրներում՝ 4,5 տոկոս։ Մենք համեմատեցինք նաև կառավարության եկամուտները, որոնք աճել են վերջին տարիներին, բայց կրթության ծախսերը չեն աճել, հետ են մնացել մեր պետական եկամուտների աճից: Այս ծախսերը ցույց են տալիս, թե մենք իրականում որքանով ենք կարևորում կրթությունը»,- պարզաբանում է Սևակ Հովհաննիսյանը։
Ֆինանսական աջակցության բացակայությունը հանգեցնում է նրան, որ որակյալ կադրերի պակաս կա, քանի որ ուսուցիչները պարզապես չեն ցանկանում աշխատել պետության կողմից իրենց տրամադրած աշխատավարձով և գնալ մասնավոր ուսումնական հաստատություններ կամ զբաղվել միայն կրկնուսուցմամբ։ Արդեն երկու տարի է, ինչ գործում է կամավոր ատեստավորման համակարգը։ Կառավարության այս նախաձեռնության նպատակն է խրախուսել ուսուցիչների մասնագիտական զարգացումը, դրա խթանը բարձր վարձատրությունն է։ Բարձր աշխատավարձ՝ կամավոր ատեստավորում անցածների համար, ահա և բարձր աշխատավարձ ստանալու բանաձևը։ Պետությունն առաջարկում է ինքնակամ անցնել ատեստավորում և ստանալ 200-300 հազար դրամ աշխատավարձ։ Այն ուսուցիչները, ովքեր որ անցել են կամավոր ատեստավորում, նշում են որ քչերն են կարողանում անցել դրա միջով: Քննությունը տևում է երեք ժամ, որը չի բավականացնում 80 հարցի համար։ Հարցերի 70 տոկոսին պետք է ճիշտ պատասխանել։
Մինչդեռ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչներն այլևս չեն կարողանա աշխատել դպրոցում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ուսուցիչներին վճարվող «ծիծաղելի աշխատավարձերը» չեն կարող հանդուրժվել, և կառավարությունը սկսել է մի գործընթաց, որը թույլ կտա նրանց մինչև երեք անգամ բարձրացնել մեկ պայմանով՝ կամավոր ատեստավորում անցնելով։
«Դա պետք է լինի շարունակական գործընթաց, և ատեստավորված ուսուցիչները պետք է կարողանան հինգ տարին մեկ նույն չափով բարձրացնել իրենց աշխատավարձը։ Այսինքն՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները հինգ տարին մեկ կրկին կարող են կամավոր ատեստավորում անցնել և կրկին ստանալ հավելավճար։ Որովհետև գնաճ կա։ Ուսուցիչները նույնպես պետք է կարողանան բարձրացնել իրենց աշխատավարձերը»,- ասել է վարչապետը։
Մեծագույն խնդիր է համարվում նաև ուսուցման փուլերի միջև հարաբերությունների ցածր մակարդակը: Ամենից հաճախ այս խնդիրը սուր զգացվում է դպրոցի շրջանավարտների մոտ, ովքեր միասնական քննությունը հաջող հանձնելու և բուհ ընդունվելու համար կրկնուսույցներ են վարձում։ Այսինքն՝ դպրոցը չի կարողանում ապահովել կրթության հաջորդ փուլի՝ համալսարանի պահանջվող գիտելիքների անհրաժեշտ մակարդակը։
Ունենք մեկ այլ խնդիր․ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու պահանջարկի աճը նպաստում է մեծ թվով մասնավոր բուհերի առաջացմանը, որոնք հաճախ իրավունք չունեն կրթական գործունեություն իրականացնելու, կամ նրանց կողմից մատուցվող կրթական ծառայություններն անորակ են։ Հաճախ մասնավոր համալսարանում ստացած կրթությունը անվանական է, այսինքն՝ վերապատրաստում բացառապես դիպլոմ ստանալու համար, որը չի տալիս տեսական կամ գործնական գիտելիքներ և հմտություններ ընտրված մասնագիտության վերաբերյալ։ Սակայն մեր օրերում բուհ ընդունվելու պահանջարկը այնքան է նվազել, որ դիմորդներին առաջարկվում է 60.000-70.000 ՀՀ դրամ կրթաթոշակ Բնագիտամաթեմատիկական հոսքում անվճար սովորելու համար, այսինքն կրթաթոշակի միջոցով փորձում են «գրգռել և մոտիվացնել» դիմորդին՝ բուհ ընդունվելու և տվյալ ֆակուլտետները և բաժինները չփակվելու համար։
Ժամանակակից կրթական համակարգերի ամենասուր խնդիրներից մեկն է համարվում կոռուպցիան։ Բացի այդ, կոռուպցիան ներառում է դրամական շորթումներ ուսումնական հաստատություններում, թեստերի (քննությունների) համար կաշառքներ, բյուջեից միջոցների յուրացում և այլն, ինչը անթույլատրելի է։ Ունենք մեկ այլ խնդիր․ առկա է երիտասարդների մասնագիտական ապակողմնորոշումը, ովքեր հաճախ չեն կարողանում օգտվել աշխատաշուկայի մասին հավաստի տեղեկատվությունից և իրենց հետագա կրթական կարիերայի վերաբերյալ որոշումներ են կայացնում՝ հիմնվելով հատվածական տեղեկատվության և ինտուիցիայի վրա: Այսօրվա երիտասարդության համար մասնագիտության հեղինակությունը որոշող հիմնական չափանիշը շատ դեպքերում աշխատավարձի բարձր մակարդակն է։ Նրա թիկունքում կարիերայի աճի հեռանկարն է, որը, շատ փորձագետների կարծիքով, կապված է երիտասարդների ֆինանսական բարեկեցության հետ։ Այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են հասարակության համար նշանակությունը, աշխատանքի ստեղծագործական և հետաքրքիր բնույթը, ինքնաիրացման հնարավորությունը, որպես կանոն, որոշիչ չեն մասնագիտություն ընտրելիս։ Շրջանավարտների միայն փոքրամասնությունն է նախատեսում աշխատել կրթության և արտադրության ոլորտում։
Ժամանակ առ ժամանակ պետք է իրականացնել ուսուցիչների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումներ, պետք է վերանայել ուսումնական պլանները, քանի որ մշակված ծրագրերը հաճախ չեն համապատասխանում ժամանակակից աշակերտի, ուսանողի և աշխատաշուկայի պահանջներին։ Նորարարական բաղադրիչը բավականաչափ առկա չէ վերապատրաստման բովանդակության մեջ. խնդիր է համարվում նաև, երիտասարդ մասնագետների համար աշխատաշուկայի կարիքների ճշգրիտ կանխատեսումների բացակայությունը և մասնագիտական կրթության համակարգի անարդյունավետ կարողությունը հաշվի առնելու արտաքին պատվերները որոշակի մակարդակի աշխատողների վերապատրաստման համար։
Հրատապ խնդիր է նաև վերապատրաստման որակը բարելավելու համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունը, որը պահանջում է ուսումնական գործընթացում թանկարժեք տեխնոլոգիաների կիրառում, նյութատեխնիկական բազայի բարելավում, դասախոսական կազմի մասնագիտական մակարդակի բարձրացում։ Ակնհայտ է, որ միայն բյուջետային միջոցները բավարար չեն անհրաժեշտ կրթական ենթակառուցվածքն ապահովելու համար։ Ուստի կորպորատիվ և մասնավոր ներդրումների անհրաժեշտություն կա։
Դիտարկված խնդիրների լուծման արդյունավետ գործիք է գործատուների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների մասնագիտական տարբեր ասոցիացիաների ստեղծումը։ Բացի այդ, կազմվում են կրթական ծրագրերի և հաստատությունների անկախ վարկանիշներ, որոնք թույլ են տալիս պատշաճ կերպով արտացոլել իրավիճակը կրթական տարածքում և խթանել մասնագիտական վերապատրաստման կրթական կառույցները՝ բարելավելու ուսումնական գործընթացի կազմակերպումն ու բովանդակությունը։
Դիտարկված խնդիրների լուծումը պետք է նպաստի մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ գործատուների պահանջներին համապատասխան վերապատրաստման որակի բարձրացմանը։ Գործատուների և ուսումնական հաստատությունների միջև փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը կարելի է նպաստել նաև համատեղ գիտական և գործնական կոնֆերանսների, աշխատանքի տոնավաճառների և մասնագիտական ֆորումների անցկացումը, որոնք երիտասարդ մասնագետներին տեղեկատվություն են տրամադրում աշխատաշուկայում առկա թափուր աշխատատեղերի մասին:
Հարկ է նշել, որ լրացուցիչ ֆինանսավորման բավականին արդյունավետ միջոց պետք է դառնան գործատուների պետական միջոցների կողմից մրցութային հիմունքներով հատկացվող կրթական ծրագրերի դրամաշնորհները, ինչպես նաև ամենահաջողակ ուսանողներին տրվող անվանական կրթաթոշակները։
Դիմորդներին ճիշտ մասնագիտություն և բուհ ընտրելու հարցում, ճիշտ կողմնորոշելու համար կազմակերպել իրազեկման միջոցառումներ և ամբողջապես ներկայացնել բուհը, մասնագիտացումները, ընձեռած հնարավորությունները։
Ուսուցիչների և դասախոսների վերապատրաստումներ իրականացնել, և զինել ժամանակակից տեխնոլոգիական գիտելիքներով, որպեսզի դասերը անցկացնեն ավելի հետաքրքիր հնարներով և գործիքներով, որպեսզի ամբողջ դասի ընթացքում աշակերտի ուշադրությունը սևեռված լինի դասին և ավելի հետաքրքիր լինի։ Անհապաղ իրականացնել ֆինանսավորում այս ոլորտում։ Դրամաշնորհային ծրագրերի միջոցով թեկուզ կարողնան ձեռք բերել տեխնիկա, քարտեզներ և այն մնացած պարագաները, որոնք դասերը դարձնում են ավելի հետաքրքիր և պատկերավոր։
Ըստ այդմ, անհրաժեշտություն կա ստեղծելու որակի մոնիտորինգի և գնահատման սոցիալական և մասնագիտական մեխանիզմներ։
Վերլուծական հոդվածի հեղինակ՝ Ժանետա Նիկողոսյան