Սպորտ

Ինչպե՞ս «Ուրարտուն» դարձավ Հայաստանի չեմպիոն

Ինչպե՞ս «Ուրարտուն» դարձավ Հայաստանի չեմպիոն

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը այլևս պատմություն է։ Չեմպիոնի կոչումը պարզող 10 թիմերը մեզ ֆուտբոլային տոնուսի մեջ պահեցին, իսկ չեմպիոնական պայքարը մրցաշրջանի վերջում, արդեն սովորության համաձայն, լարված պահեց հայ ֆուտբոլասերին։ Չնայած մրցաշրջանի ընթացքում եղած բացասական դեպքերին ու իրադարձություններին՝ ՀՊԼ-ն ստացված էր։ Ստացված էր այնքանով, որ նախավերջին տուրում՝ չեմպիոնական հանդիպմանը՝ «Ուրարտու» — «Փյունիկ», ոչ ավել, ոչ պակաս 7000-ից ավելի երկրպագու կար, ինչը հայկական ակումբների միջև մրցավեճերում չէր եղել։ Այնուամենայնիվ, «Ուրարտուն» 9 տարի անց նվաճեց չեմպիոնի տիտղոսը, բայց իմանանք՝ ինչպես և ինչու։

2022/23 մրցաշրջանից առաջ «Ուրարտուն» գլխավոր մարզչի փոփոխություն իրականացրեց՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանին եկավ փոխարինելու ռուս մասնագետ, մինչ այդ 2 անընդմեջ մրցաշրջան Հայաստանի չեմպիոնությունը ձեռքից բաց թողած Դմիտրի Գունկոն։ Հենց նրա գլխավորությամբ «Ուրարտուն» քիչ թե շատ փոխեց զարգացման վեկտորը՝ ուղղելով ոչ միայն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, այլև դրան զուգահեռ գլխավոր թիմի հաջողությանը։ 

«Ուրարտուի» չեմպիոնությունը մրցաշրջանից առաջ կանխատեսելի չէր։ Չնայած այս ամենին՝ չեմպիոնական ուղին հեշտ չանցավ։ Դմիտրի Գունկոյի կատարած աշխատանքն ու տված արդյունքները կոնկրետ ունեն իրենց հիմնավորումները։ Ինչերը դարձան գլխավոր երաշխիքները՝ այստեղ․

1․ «Ուրարտուն» մրցաշրջանից առաջ ունեցավ շատ լուրջ համալրումներ։ Կետային սելեկցիան նպաստեց, որպեսզի թիմի խաղը կայունանա։ Դմիտրի Գունկոն իրեն անհրաժեշտ ֆուտբոլիստների ցանկացավ ու ստացավ։ Եվգենի Ցիմբալյուկի, Դավիդ Խուրցիձեի, Մարկոս Ժունիորի, Ալեքսանդր Մելիխովի, Նարեկ Գրիգորյանի (վարձավճարով վերադարձ «Յագելոնիայից»), Ժիրայր Մարգարյանի ու Մաքսիմ Մայրովիչի տրանսֆերները թարմացրին թիմի կազմը։ Նշված ֆուտբոլիստներից գրեթե բոլորը թիմի հիմնական կազմի խաղացողներն էին, ովքեր միասին այս մրցաշրջանում խփեցին 34 գոլ 39 խաղում։ Հաշվի առնենք, որ նրանցից մեկը՝ Մելիխովը, դարպասապահ է, ապա միջինում ամեն խաղին նշված ֆուտբոլիստները միասին նվազագույնը 1 գոլի հեղինակ են դարձել։ Ձմռանը թիմի շարքերը համալրեցին Արաս Օզբիլիսը, Ռաֆայել Կարիոկան, Դրամանե Սալուն, Թեմուր Ջիկիան և Իվան Զոտկոն։ Ճիշտ է, նրանք այդպես էլ հիմնական կազմ չկարողացան «ճողոպրել», բայց մեծապես օգնեցին հայ երիտասարդ ֆուտբոլիստներին՝ առաջարկելով բարձր մակարդակի մրցակցություն։ «Ուրարտուն» նաև թիմ հրավիրեց Յայա Սանոգոյին, ով խաղացել է այնպիսի հեղինակավոր թիմերում, ինչպես, օրինակ, «Արսենալը», «Թուլուզը», «Հադդերսֆիլդը»։ Անխոս, նրա ներկայությունը եվրագավաթային փուլին վճռորոշ կլինի հայկական թիմի համար։

2․ «Ուրարտուն» ունեցավ մրցաշրջանի սկզբում առավելություն ստանալու հնարավորություն, որից օգտվեց։ «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» գլխավոր ֆավորիտներն էին չեմպիոնության։ Եթե «Արարատ-Արմենիան» դեռևս ուշքի չէր կարողանում գալ թմբիրից ու շարունակում էր ելքեր գտնել՝ նախկին հեղինակությանը վերադառնալու, ապա «Փյունիկի» խնդիրը այլ էր։ Նրանք ներկայացնում էին Հայաստանը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որտեղ գրեթե փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճում, սակայն ֆուտբոլում «գրեթեն» նույն «ոչինչն» է։ Հենց այս պատճառով «Փյունիկի» գլխավոր խնդիրը եվրագավաթում որքան հնարավոր է լավ հանդես գալն էր, որը նրանցից միավորներ խլեց ՀՊԼ-ում։ Հենց այս ամենի զուգակցությամբ՝ «Ուրարտուն» ձմեռային դադարի գնաց՝ մեծ պաշարով ու չեմպիոնական ուղուն հավատալով։ Դմիտրի Գունկոն, ով նախորդ մրցաշրջանում ձեռքից բաց թողեց չեմպիոնությունը նույն «Արարատ-Արմենիայի» հետ ու նույն «Փյունիկից», այս անգամ դասեր էր քաղել։ Ճիշտ է, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Գունկոն ահռելի պաշարը նվազեցրեց ամենաչնչինի, սակայն նրանք կարողացան մրցաշրջանի բեկումնային պահին զսպել իրենց հույզերն ու գրագետ խաղի միջոցով հասնել բաղձալի նվաճմանը։

3․ «Ուրարտուի» չեմպիոնության ամենաէական կետը երիտասարդ հայ ֆուտբոլիստների հիմնական կազմում ընդգրկվելն էր։ Մեծապես նրանց շնորհիվ «Ուրարտուն» նվաճեց տիտղոսը ու կոտրեց այն կարծրատիպը, թե հայ ֆուտբոլիստների հետ դժվար է մրցակցություն ապահովել լեգեոնականներով համալրված մյուս հայկական թիմերին։ 

«Ուրարտուն» դարձավ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն 9 տարվա դադարից հետո, ինչը նշանակում է, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հենց «Ուրարտուն» է լինելու, իսկ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» կանեն ամեն ինչ՝ Կոնֆերենցիաների լիգայում հնարավորինս երկար մնալու համար։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)