Սահմանափակումներ քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի և հաղորդումների համար
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում անհրաժեշտ փոփոխությունների մասին օրենքի նախագիծ է մշակել Արթուր Հովհաննիսյանը։ Ըստ այդ օրենքի՝ քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու հաղորդումների ցուցադրման համար կսահմանվի ժամային սահմանափակում։ Դրանց ցուցադրումը կթույլատրվի միայն ժամը 00։00-ից մինչև 06։00 ընկած ժամանակահատվածում։ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ նման հաղորդումները պարունակում են գռեհկաբանություններ ու հայհոյախոսություններ, քարոզում են անբարո ապրելակերպ, նսեմացնում են կրթության ու դաստիարակության դերը։
«Ցավոք, այսօր հաճախ հեռուստառադիոեթերում կարող ենք հանդիպել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի, սերիալների կամ տեսալսողական հաղորդումների: Քրեական ենթամշակույթի բաղադրատարրեր պարունակող տեսալսողական հաղորդումները, որտեղ հերոսացվում, դրական կերպար են ստանում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների կերպարները, միանշանակ ազդում են անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա»,- նշեց պատգամավորը:
Սրանով պատգամավորները ցանկանում են նվազեցնել քրեական ենթամշակույթի ազդեցությունը հանրային հարաբերությունների, հատկապես անչափահասների դաստիարակության վրա։