Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախատեսվում է փոփոխություն իրականացնել Իսակովի պողոտա — Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման համար։ Փոփոխությունների պատճառը տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կարգավորելն է։
Նախատեսվում է Հաղթանակ կամրջի 2 երթևեկելի գոտիներից թույլատրել աջ շրջադարձը, մյուս 2 երթևեկելի գոտիներից՝ ձախ շրջադարձը։
Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը տեղափոխվելու է Իսակովի պողոտայի սկզբնամաս:
Տարվելու են աշխատանքներ տվյալ հատվածների գծանշումների, լուսացույցների տեղափոխման և ճանապարհային նշանների տեղադրման համար։
Նախորդ շաբաթ փոփոխություններ էին իրականացվել նաև մայրաքաղաքի այլ փողոցներում։ Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաև հակառակ ուղղությամբ արգելվել է մեքենաների կայանումը, իսկ հանդիպակաց գոտիներում թույլատրվել է մեքենաների կայանումը: