Քաղաքական

Ես հիշում եմ և պահանջում․․․

Ես հիշում եմ և պահանջում․․․

«Չկա ավելի սարսափելի բան քան գիտակցել, որ ազգովի մտնում ենք պատմության մեջ, որովհետև պատմությունը շնորհ է արել մեզ իր էջերում գրանցելու միայն ամենաողբերգական պահերին»։

«Վերջին արևագալը» Պերճ Զեյթունցյան

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն։ Այսօր լրանում է 107-րդ տարելիցն այն օրից, երբ Օսմանյան կայսրությունն իրականացրեց հայ բնակչության բնաջնջման ամենամեծ փորձը։ Առաջին համաշխարհային պատերազմի ալիքների տակ ջանալով հասնել պանթուրքիզմի իրականացմանը՝ «երիտթուրք» կուսակցության և վերջինիս ղեկավարած կառավարության փոխհամաձայնեցված քաղաքականության արդյունքում գործի դրվեց այդ հրեշավոր ծրագիրը։ Թյուրքալեզու ժողովուրդների եղբայրական միավորման արհեստական ծրագրերի հենքում ընկած էր օտար պետությունների հաշվին կայսրություն հռչակված Օսմանյան Թուրքիայի վերակենդանացման նպատակը։ Այս նպատակի ճանապարհին ի հայտ եկած խոչընդոտների շարքում դիտարկվեցինք նաև մենք՝ հայերս։ Թրքանալ չցանկացող հայերին մեկ ավարտ էր սպասվում։ Նրանք դատապարտված էին նահատակության։ Դե ինչ թվերը ավելի քան խոուն են։ Առաջին աշխարհամարտի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին 2 միլիոնից ավել հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը նահատակվեցին։ Եղան բռնի մահմեդականացման օրինակներ։ Առավել «հաջողակները» արտագաղթեցին՝ սփռվելով աշխարհի տարբեր կողմերում։ Քչերը կարողացան Թուրքիայում հայ մնալով հանդերձ պահպանել իրենց կյանքը։ Ի հարգանք մեր նահատակված մտավորականության Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակված ապրիլի 24-ը մեր դարձավ շատ սերունդերի համար դառը անցյալի հիշողության, բայց և նաև ցասումի ու եղածը դատապարտելու և հատուցում պահանջելու խորհրդանշական օր։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսել է 1915 թվականի մայիսի 24-ի Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության համատեղ Հռչակագրի հրապարակմամբ։ Առաջինն պետությունը, որը 1965 թ․ ճանաչեց այդ հանցանքը եղավ Ուրուգվայը։ Ճանաչման շղթան շարունակվում է նաև այսօր։

Այս մռայլ ու հակամարդկային պատմության վերջաբանը սակայն չունեցավ թուրք ոճրագործների կանխամտածված բովանդակությունը։ Այո՛, փաստացի Օսմանյան Թուրքիայի ծրագիրը չհաջողեց։ Ապացույցը մենք ենք, մեր անկախ զույգ հանրապետությունները և այն պայքարի գիտակցումը, որը պետք է մղի յուրաքանչյուրիս հայրենիքի պաշտպանության գործին։

Խոնարհում բոլոր նահատակներին…

Հիշում ենք ու պահանջում…

Լիանա Քարամյան (կամավոր թղթակից)