ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ․ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ․ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Շուրջ 17 բնակավայր ունեցող Բերդ համայնքն ունի ավելի քան 32 000 բնակիչ։ Մինչև վերջին 5 տարիները համայնքում երիտասարդների համար ապագա տեսնելը շատ դժվար էր: Շատերը բուհերն ավարտելուց հետո այլևս չէին վերադառնում համայնք… ապագա չկար։ Այսօր դրական միտում է նկատվում։ Բերդ համայնքում մի խումբ երիտասարդներ, իրենց ապագան կապելով համայնքի հետ, իրականացում են մի շարք ծրագրեր՝ նպաստելով համայնքի զարգացմանը։

Տավուշի Բերդ համայնքում խարիզմատիկ կերպարները և համարձակները փոքր թիվ չեն կազմում: Այս պահին համայնքի երիտասարդներից Գարիկ Փայտյանի, Վարդգես Մելքումյանի օրինակները մոտիվացնող են, ոգևորող և ցույց են տալիս, որ համայնքում իրենց ապագայի տերը երիտասարդներն են։ Համայնքը միաժամանակ և՛ հնարավորություններ է ստեղծում երիտասարդի զարգացման համար, և՛ նոր մարտահրավերներ տալիս: Կյանքի մի փուլում Գարիկը, ով իրեն համեմատում է Գիքորի հետ, ամուսնությունից հետո որոշեց իր հետագա կյանքը կապել համայնքի զարգացման հետ: Ստեղծեց սեփական ագրոտուրիզմը գրեթե ոչնչից: Մյուս զրուցակիցս՝ Վարդգես Մելքումյանը, կարծում է, որ զարգացման համար առաջնահերթ խնդիր է հասարակության մեջ կամավորության սկզբունք սերմանելը և, որ ամենակարևորն է, երիտասարդների շրջանից պետք է հանել այն կեղծ թեզը, թե առանց ֆինանսի դժվար է սկսել նախագիծ, որը կնպաստի համայնքի զարգամանը:

Բերդ համայնքի ներկայիս երիտասարդի ապագան, մարտահրավերներն ու հեռանկարները վերլուծելիս՝ պետք է հաշվի առնել համայնքի ունեցած ռեսուրսները, սպառնացող վտանգները:

Համայնքի առօրյա կյանքից սկսած՝ կան հետաքրքրություններ, որոնք զարգացնելով, կարող ենք նպաստել երիտասարդի կայուն առաջընթացին հենց իր համայնքում։ Մասնավորապես, հացի թխման ավանդական պրոցեսը, որն այսօր շատ տեղերում գրեթե մոռացության է մատնված։ Բոլորիս տան առանձին անկյուններում հաստատ պահված կլինեն այն մեծ «տաշտեր»-ը (փայտե մեծ ամաններ, որտեղ մեծ քանակությամբ ալյուր, թթխմոր էին խառնում, հունցում և ծածկում՝ սպասելով, որ խմորը կթթվի), որոնց այժմ շունչ հաղորդելով՝ կարող ենք համատեղել հաճելին և օգտակարը։ Օրինակ, առանձնացվում է այգու հատվածում մի անկյուն, որտեղ ծառերի շվաքում ստեղծվում է փոքրիկ «սրճարան», հյուրը հացի թխման պրոցեսը վայելելուց հետո մոտենում է և ճաշակում տան տիկնոջ պատրաստած ավանդական ուտեստները (փսալի, կոնչոլ, հյունի թթու, կաթնովի, կճախաշ)։ Ուշադրություն դարձնենք, որ ամենօրյա ընթացող այս գործողությունները կարող են իրենց շուրջը համախմբել գյուղի բոլոր կանանց՝ այսպիսով լուծելով սոցիալական խնդիր։ Այս ծրագրի ռեսուրսների շարքում ունենք նաև մարզից դուրս վերապատրաստված, կրթություն ստացած երիտասարդներ, որոնք մասնագիտացել են պատմության, հնագիտության, մշակութաբանության ոլորտներում: Եվ ովքեր կարող են իրենց սիրելի համայնքում զբաղվել սիրելի աշխատանքով՝ չմտածելով և չփնտրելով այլընտրանք իրենց մասնագիտական ոլորտից դուրս: Սա բաց է, որի լրացումը մեր՝ երիտասարդներիս համար նոր հնարավորություններ կստեղծի։ Տեղանքի հնագիտական ուսումնասիրությամբ զբաղվող մարդկանց մի մասն է, որ մշտապես բնակվում է Բերդ համայնքում, ինչը իր հերթին բերում է կացության խնդիր, պեղումների ժամկետների երկարացման խնդիր։ Այս առումով ունենք անելիքներ և սպասելիքներ, որոնք թույլ կտան ավելի լավը դարձնել երիտասարդի ապագան ռեալ ռեսուրսներով:

Ագրոտուրիզմը և առհասարակ տուրիզմը մասմամբ է զարգացած Բերդ համայնքում։ Բերդ համայնքն աչքի է ընկնում իր տեսարժան վայրերով (Տավուշի ջրամբար, Հախում գետի ջրամբար, Ցլիկ Ամրամի բերդ, Նոր Վարագավանք, Խորանաշատ և այլն)։ Այս վայրերը, հանրությանը ճանաչելի դարձնելով, կարող ենք զբոսաշրջիկների հոսքը Լաստիվերից երկարացնել և բերել հասցնել մինչև Բերդ համայնք: Ընդամենը մեկ օրինակով պատկերացնենք՝ ինչ կարող ենք անել կամ արդյո՞ք անում ենք քայլ մեր ապագան համայնքի հետ կապելու… Խորանաշատ վանքի օրինակն ավելի քան ակնառու է։ Մայիսի 28-ին, Խորանաշատում պատարագ եղավ՝ նվիրված վանքի 800 ամյակին։ Դրանից հետո ընթացավ նաև գիտաժողով, որտեղ ներկայացվեց վանքի պատմությունը, դերն ու նշանակությունը։ Իսկ հետո…

Հետագայի համար արդեն մենք ենք պատասխանատու, թե այս փաստն ինչպես կօգտագործենք։ Եթե ոչինչ չանենք, բոլորը մի պահ կիմանան վանքի մասին և հետո մոռացության կմատնվի, սակայն մենք հնարավորություն ունենք օգտագործել այս իրողությունը՝ ի շահ համայնքի: Մասնավորապես Չինարի գյուղը, որտեղ գտնվում է վանքը, ունի փոքրիկ հյուղակներ, գետնափոր տներ, որոնք վերանորոգելով՝ կարող ենք նոր շունչ հաղորդել և դարձնել հանգստյան գոտի։ Վանք այցելող տուրիստներից շատերը, կարծում եմ, չեն հրաժարվի գալ և իրենց հանգիստն անցկացնել գյուղական միջավայրում, զգալ գյուղի համն ու հոտը:

Բերդ համայնքի Պառավաքար, Վարագավան, Ծաղկավան գյուղերը հայտնի են իրենց խաղողի մշակմամբ, մեղվաբուծությամբ: Պառավաքարից Բերդ տանող ճանապարհին անհնար է չտեսնել հեռվում նշմարվող փոքրիկ փեթակները, որոնք լուցկու տուփից էլ փոքր են երևում: Դա հեռվում, սարերի ու ձորերի շվաքում պահվող մեղուների փեթակներն են, որոնց մի մասն էլ գունավորված է: Պատկերացրեք, ամառվա այն զբոսաշրջային թեժ շրջանում, երբ գյուղացին արդեն քամում է մեղրը, ինչ ծրագրեր կարող ենք կազմակերպել զբոսաշրջիկների համար սա տեսանելի դարձնելու համար: Այսօր այս ծրագրի մի մասն է իրականցվում: Ամեն տարի, պարբերաբար կազմակերպվում է «Մեղրի փառատոն»-ը, որտեղ Բերդ համայնքից և հարակից շրջաններից գալիս են մարդիկ, ովքեր բացի մեղրից, իրենց ստեղծած բերքն ու բարիքը ցուցադրության են ներկայացնում, ապա՝ վաճառում: Մենք՝ երիտասարդներս, անելիքներ ունենք այս ծրագրերը մշակելու, վերլուծելու, համակարգելու համար և այստեղ է, որ մեզ օգնելու են մեր համադասարանցիները, հարակից համայնքի այն երիտասարդները, որոնք մասնագիտացել են տուրիզմի, լրագրության ոլորտներում:

Խաղողագործությամբ զբաղվող մեր վերոնշյալ համայնքերում կարևոր քայլ կլինի նաև գինետների ստեղծումը։ Փայտե կահ կարասիով դրանց ներկայացումը ևս լավ հնարավորություն է զարգացնելու զբոսաշրջության բացը համայնքում (նման հնատիպ իրեր այժմ պահվում են Պառավաքար գյուղի պատմության թանգարանում)։

Այս ծրագրերը իրականացնելուց բացի, պետք է հաշվի առնենք այն ռիսկերն ու գործոնները, որոնք կարող են խոչընդոտել երիտասարդների ծրագրերի կայացմանը։ Թերևս կարևոր ռիսկերից մեկն անվտանգությունն է և ճանապարհային ցանցի խնդիրը։ Անվտանգային  խնդիրները լուծելու նպատակով, դեռևս տարիներ առաջ, կառուցվել և ասֆալտապատվել է Իջևան-Բերդ այլընտրանքային ճանապարհը։ Իսկ Դիլիջան-Իջևան քաղաքների միջև ընկած ճանապարհը, որը ևս խոչընդոտ էր հանդիսանում համայնք այցելողի համար, ամբողջությամբ վերանորոգվել է և անվտանգ է ոչ միայն մարդատար, այլև բեռնատար ավտոմեքենաների երթևեկման համար: Բարեկարգվել են բոլոր այն գլխավոր ճանապարհները, որոնք տանում են դեպի համայնքի սիրտը:

Սրանց կողքին կան նաև մարզի զարգացման հասարակական դաշտի առաջարկած ծրագրեր։ Օրինակ կարող եմ բերել «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ծրագրավորման դասընթացների ծրագիրը։ Վեբ ծրագրավորման վեցամսյա հեռավար դասընթացն ամբողջովին անվճար է։ Հնարավորություն, որից արդյունավետ օգտվելու դեպքում մեր երիտասարդը թե՛ մասնագիտական, թե՛ սոցիալական խնդիրների լուծման մեծ քայլ է կատարում։

Մնում է ակտիվ լինել, տեղեկացված և պրպտուն։

Վերլուծական հոդվածի հեղինակ՝ Ալինա Հայրապետյան (վերլուծաբան, պատմության մագիստրատուրա)