Ինչ պատահեց, երբ զավթած հողամասում շենք կառուցվեց

Ինչ պատահեց, երբ զավթած հողամասում շենք կառուցվեց
Բազմաթիվ բնակիչների դժգոհությամբ և քաղաքապետարանի «հատուկ ուժերի» մասնակցությամբ գրեթե ամեն օր ապամոնտաժվում են ապօրինի շինություններ։
Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 50/2 հասցեին հարող տարածքում զավթած հողամասում ապամոնտաժել են ապօրինի շինություն, որտեղ օրեր առաջ հրդեհ էր բռնկվել, տեղեկացնում է բնակիչ Գոհար Պարոնյանը։ Ասում է՝ կողմ է զավթած հողամասերի ապամոնտաժմանը։
«Աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուներին հարցրել եմ ՝ արդյո՞ք ապամոնտաժելու են տարածքի մնացած ապօրինի շինությունները։ Պատասխանը դրական է եղել , սակայն դեռ չեն սկսել ապամոնտաժման գործընթացը»,- ասում է Գոհարը։
«Ապամոնտաժելուց հետո լավ կլինի, որ կանաչապատեն տարածքում փոշուց զերծ մնալու համար»,- զրույցին միանում է Արևիկ Առուստամյանը։
Երկու բնակիչներն էլ շարունակում են թվարկել ապօրինի շինությունների հարուցած դժվարությունները։ Դժգոհում են, որ դրանք խանգարում են երեխաներին։ Խաղահրապարակ չկա, ազատ տարածքը քիչ է, երեխաները չեն կարողանում խաղալ, բաց տարածքներում պարբերաբար մեքենաներ են անցնում։
Գործընթացի կազմակերպմանը աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել և համապատասխան հանձնարարականներ է տվել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը։
Նոր Նորք վարչական շրջանի Ստեփանյան 10 հասցեի հարակից տարածքում ևս ապամոնտաժվել է ինքնակամ կառույց։ Այստեղ արդեն, կարծես, բնակիչները ապօրինի կառույցից չեն դժգոհում։ Գուցե մեքենաների անցումն էր դժվարեցնում, ասում են։
Ապօրինի կրպակ է տեղադրված եղել նաև Երևանի կենտրոնում՝ Սպենդիարյան փողոցում։
Միայն հունիսի 24-ին Աջափնյակ վարչական շրջանում 5 ապօրինի շինություն է ապամոնտաժվել։ Վերջին վեց ամիսների ընթացքում Աջափնյակում արդեն 34 ինքնակամ կառույց է ապամոնտաժվել։ Սրանից մեկ օր առաջ նույն վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում ապամոնտաժել են հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները։
Ինքնակամ շինություններ քանդվել են նաև Էրեբունիում, Դավթաշենում, Շենգավիթում։ Տվյալները Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից են։
Քաղաքապետ Հայկ Մարությանը դիմում է այն քաղաքացիներին, որոնք ապօրինի շինություններ և կրպակներ են կառուցել Երևանի տարածքում. «Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները»։
Երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները ժամանակ են խնդրում, որ իրենք իրենց կառույցները քանդեն։ Քաղաքապետը նշում է, որ ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, կառուցելու պահից կարող էին իրենք իրենց ձեռքով կանխել կամ վերացնել ապօրինությունը։
Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը։

Լիանա Խաչատուրյան (կամավոր թղթակից)