Տնտեսական

Առաջինը Արենի՞ն է եղել, թե՞ գինին

Առաջինը Արենի՞ն է եղել, թե՞ գինին

«Արենիում վերջին 20-25 տարիներում ցանկացած ոք ով ծնվում է, արդեն գինեգործ է,- ասում է Անուշավան Գրիգորյանը: Անուշավանը գինեգործ է, հորից է սովորել արհեստը։ -Մասնագիտությամբ գինեգործ չեմ։ Մանկուց այդ մթնոլորտում մեծանալը և հենց Արենիում ծնվել ապրելը նպաստեցին գինեգործ դառնալուս»։


1994 թ.-ից Գրիգորյանները զբաղվում են գինեգործությամբ։ Ունեն իրենց գործարանը՝ Արենի Wine ՍՊԸ: Իրենց գինիները պատրաստում են «Արենի» էնդեմիկ խաղողից: Մինչ օրս կիրառում են հին հայկական ավանդական տեխնոլոգիաները: Անուշավանը պատմում է, որ իրենք գինին ստանում են բնական խմորման ճանապարհով՝ չօգտագործելով հավելյալ խմորիչներ։ Գինու համը կախված է տեխնոլոգիայից, գինեգործից և խաղողից։ Վայոց ձորի ժայռերի ու կավային հողի, արևի ջերմությամբ «Արենի» խաղողը ստանում է յուրահատուկ համ, աճում է 1100-1400մ բարձրության վրա:
«Հին Արենի բրենդն է Արենին դարձնում հայտնի»,- համոզված է «Հին Արենի» գինու գործարանի ղեկավար Դավիթ Մկրտչյանը: Այստեղ գինին պատրաստում են եվրոպական ստանդարտներին համապատասխան նորագույն տեխնոլոգիաներով։ Ըստ ղեկավարի, տեխնոլոգիան ամբողջ աշխարհն ունի, և գինու գաղտնիքը գինեգործի հմտությունն է, խաղողի տեսակն ու որակը։ Այս գործարանում գինին պատրաստում են միայն Վայոց ձոր տարածաշրջանին բնորոշ «Ոսկեհատ», «Արենի» խաղողներից։

Արենիի բնակիչ Դավիթ Մարտիրոսյանն ասում է, որ այստեղ ապրում են գինեգործությանբ. որոշները տանը՝ իրենց մառաններում, որոշներն էլ գործարանում՝ ավելի պրոֆեսիոնալ մակարդակով գինի են պատրաստում։
Սիրողական, տնայնագործական գինեգործներից մեկն էլ ինքն է, որ թեև աշխատում է համայնքապետարանում, բայց առանց գինեգործության չի պատկերացնում իր օրը:
«Ավանդույթը գինի պատրաստելու դեռ հնուց է եկել։ Պատրաստման եղանակը մեր պապերն են մեզ փոխանցել», — նշեց բնակիչը:

1994 թ.՝ հողերի սեփականացումից հետո, խաղողի այգիների քանակը սկսեց էլ ավելի մեծանալ, սկսեցին հիմնվել անհատական գործարաններ, ինչն էլ զարկ տվեց գինեգործության զարգացմանը։ Գյուղացիներն սկսեցին նոր այգիներ հիմնել, մթերել խաղողը։ Մթերված խաղողը կարող էին հանձնել գործարաններին կամ հենց իրենք կարող էին պատրաստել գինի։ «Մեր այգու խաղողի կեսը մենք հանձնում ենք գործարանին, իսկ մյուս կեսով մենք ենք գինի պատրաստում տանը»,- ասաց Դավիթը։

Անհատական գինեգործը պատմում է, որ կան «տուրիստականներ», որոնք տան մեջ մառան ունեն և զբոսաշրջիկները գալիս են համտես անելու։ Կան 4-5 տնային տնտեսություններ, որոնք նույնպես այդպիսի գործունեություն են ծավալում:
2009թ սկսած՝ ամեն տարի հոկտեմբերի առաջին շաբաթը տեղի է ունենում գինու փառատոնը: Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում 2010թ հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, ինչն է՛լ ավելի մեծացրեց փառատոնի կարևորությունը: Դրան կարող են մասնակցել և՛ գինեգործարանները, և’ անհատական գինեգործները, և’ բնակիչները, սահմանափակում չկա։ Ժամանակի ընթացքում փառատոնն այնքան հայտնի դարձավ, որ մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում: Փառատոնը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, մարդիկ գալիս ծանոթանում են Արենի համայնքի, հարուստ մշակույթի պատմության, գինու տեսակի, որակի հետ։

Գրիգորյանները միշտ մասնակցում են Արենի գինու փառատոնին։
«Բավականին մեծ ու հայտնի փառատոն է գինեգործների, գործարանների, գինեսերների համար, կարծում եմ պետք է միշտ շարունակական լինի»,- ասում է Անուշավանը։
Ամեն տարի իրենք յուրահատուկ ձևով են ներկայանում։ Նրանց գործարանը գտնվում է փառատոնի բուն վայրից 200 մ հեռավորության վրա և օգտվում տարածքային առավելությունից. փոքրիկ միջոցառումներ են կազմակերպում, խաղային ներկայացումներ են լինում, խաղողը «ջարդելու» տեսարաններ, գինու համտես և, իհարկե, ավանդական երաժշտություն։
«Շատ գլուխ չգովեմ, բայց հնարավորինս լավ ենք ներկայացնում մեզ։ Մենք մեր արտադրած գինիներով առաջատարներից ենք»,- մի քիչ հպարտությամբ, գուցե մի քիչ սնապարծությամբ ասում է զրուցակիցս։
«Հին Արենի» գինու գործարանը ևս մասնակցում է փառատոնին: Ղեկավարի խոսքով՝ իրենց որակն արդեն իսկ իրենց ներկայացնում է:

«Արենին և գինին փոխկապակցված են. և՛ Արենին է գինին հայտնի դարձնում, և’ գինին՝ Արենին»- փառատոնի եւ գինու մասին իր խոսքն էլ այսպես է եզրափակում անհատ գինեգործը։

Լիլիթ Հովհաննիսյան (կամավոր թղթակից)