Հայկական ֆուտբոլային ակումբների մանկապատանեկան թիմերի զարգացումը
Հայկական ֆուտբոլային ակումբների մանկապատանեկան թիմերի զարգացումը
Ֆուտբոլի զարգացման նախադրյալներից մեկը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է։ Աշխարհի գրեթե բոլոր ակումբները հեռակա նպատակներ ծրագրելիս առաջնային նախապատվություն են տալիս մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։ Կան ֆուտբոլային ակումբներ, որոնք իսկապես ֆուտբոլային «դարբնոց» են։
Հայկական ֆուտբոլը ևս փորձում է գնալ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրով։ Պետք է նշել, որ այս տարի եվրոպական 21 երկրների ծրագրերից լավագույնն է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Մասսայական ֆուտբոլի մարզային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը (89 փոքր դաշտեր Հայաստանի մարզերում): Առաջին անգամ իրականացվող նախաձեռնությանը ներկայացված են եղել 21 ասոցիացիաների կողմից վերջին մի քանի տարում իրականացված ենթակառուցվածքային նախագծեր՝ այդ թվում, օրինակ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, ինչպես նաև մեր տարածաշրջանից՝ Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ֆեդերացիաների։
Ճիշտ է, ֆեդերացիան փորձում է որոշ չափով զարկ տալ մանկապատանեկան ֆուտբոլին, սակայն դրան ի նպաստ պետք է քայլեր ձեռնարկեն նաև տեղի ակումբները։ Այո՛, ակումբները ունեն իրենց բյուջեն և նպատակները, սակայն ֆուտբոլի զարգացման գլխավոր գրավականը հենց մանկապատանեկան ֆուտբոլն է։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում այս պահին 10 ակումբ կա։ Նրանցից 4-ը՝ «Ուրարտուն», «Փյունիկը», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» կպայքարեն եվրագավաթներում։ Իսկ ի՞նչ սպասել մեր ակումբներից գալիք մրցաշրջաններում, և ո՞րը պիտի լինի թիմերի զարգացման գրավականը։ Իհարկե, մանկապատանեկան ֆուտբոլը։
Նշեցինք, որ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում այս պահին կա 10 ակումբ։ Մրցաշրջանի ավարտից հետո «Լեռնային Արցախ» ակումբը այլևս չի շարունակի իր ելույթները․ թիմը լուծարվում է։ Նրան «փոխարինելու» է գալիս Առաջին խմբում չեմպիոն դարձած «Վեստ Արմենիա» ակումբը։ ԲԿՄԱ—ն, որը 2-րդ մրցաշրջանն է, ինչ բարձրագույն խմբում է հանդես գալիս, մոտ էր լուծարմանը, սակայն շշուկները կարծես անհետացան։ Փաստացի Հայաստանի լավագույն 10 ակումբները գալիք մրցաշրջանում պայքարելու են չեմպիոնության համար, սակայն երկարաժամկետ ծրագրերի համար մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը կարևոր նախադրյալ է։ Ուսումնասիրելով այս դաշտը՝ շատ թվեր կան, որոնք զարմանալի են թվում։
Մանկապատանեկան ֆուտբոլը սկսվում է 8 տարեկանից և ավարտվում 18 տարեկանում, որից հետո արդեն պետք է պրոֆեսիոնալ կարիերա ստեղծել։ Ամբողջ Հայաստանում կա 269 մանկապատանեկան թիմ, մոտավորապես 5000-5500 ֆուտբոլիստ։ Փաստացիորեն տեղի թիմերի ու Հայաստանի հավաքականի համար հենց նրանցից պետք է ընտրվեն լավագույնները՝ այնտեղ հանդես գալու համար, ինչը, իհարկե, փոքր թիվ է կազմում անգամ 2․5-3 միլիոն բնակիչ ունեցող երկրում։
Այս պահին հայկական 10 լավագույն ակումբները միասին ունեն 131 մանկապատանեկան թիմեր։ Հաշվի առնելով, որ ֆուտբոլային մեկ խաղին հայտավորվում են 20-23 ֆուտբոլիստ, իսկ մանկապատանեկանում 18-20՝ հայկական առաջատար ակումբների մանկապատանեկան ֆուտբոլիստների թիվը միջինում 2620 է։ Մեղմ ասած՝ թվերը աչք չեն շոյում։ Հատկանշական է, որ այս պահին առաջատար 3 թիմերի մանկապատանեկան թիմերը միասին 59 թիմ ունեն․ «Ուրարտուն»՝ 23 թիմ, «Փյունիկը»՝ 27, «Արարատ—Արմենիան»՝ 9։ ԲԿՄԱ ակումբը, որտեղ մեծամասնությունը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի զինվորներն են, մանկապատանեկան թիմ չունի։ Մանկապատանեկան թիմ չունի նաև «Լեռնային Արցախը»։
Մանկապատանեկան թիմերի ֆուտբոլիստներից շատ քչերն են, որոնք հասել են իրենց թիմի հիմնական կազմ։ Միայն վերջին տարիներին «Ուրարտուի» մի քանի սաներ կարողացան խաղալ իրենց հարազատ թիմում։ Խնդիրը, որ ակումբները չեն «փորձում» զարգացնել մանկապատանեկան թիմերը, մեկ գլխավոր պատճառ ունի։ Հայկական ակումբների ղեկավարների նպատակը եվրագավաթային տեղ զբաղեցնելն ու 1 կամ 2 փուլ հաղթահարելն է։
Եվրագավաթում նվազագույնը 2 փուլ հաղթահարելը ակումբի համար մեծ շահույթ է բերում՝ 300-400 հազար եվրո, որը թույլ է տալիս ակումբին գալիք մրցաշրջանում պահել լեգեոնականներին կամ նրանց փոխարեն բերել այլ լեգեոնականների ու կրկին հայտնվել եվրագավաթում։ Կարճ ասած՝ բիզնես։ Եվ սա արդեն երկար տարիներ։
Ի՞նչ անել, որպեսզի ակումբները զարգանան նաև այս մակարդակում։
Ֆուտբոլը մեծ սպորտաձև է։ Վերջին տարիներին ֆուտբոլում ներդրումները ու եկամուտները մի քանի անգամ բազմապատկվել են։ Եթե 10-15 տարի առաջ անհավանական էր 200 միլիոն եվրոյով ֆուտբոլիստի գնելը, ապա այսօր այդ թիվը պարզապես առաջարկ է։ Այս ամենի համատեքստում բնակականաբար մեծանում են նաև ներդրումները և ներդնելու միջավայրները։ Հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում շատ «զրո»—ներ են պետք՝ ֆուտբոլիստներին համաշխարհային աստղեր դարձնելու համար։ Սակայն, մեզ պես երկրներում համաշխարհային աստղերի փոխարեն պետք են որակյալ ֆուտբոլիստներ։
Կարելի է ստեղծել «փոփոխվող թիմեր», որը հնարավորություն կտա հայկական 10 լավագույն ակումբների պատանիներին նույն թիմում խաղալ։ Նախագծի գաղափարը հետևյալն է․ 10 լավագույն ակումբների Մ16 տարիքային խմբի ֆուտբոլիստներից ընտրվեն խաղային 4 դիրքերի (դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող) լավագույն պատանիները, որոնք կբաժանվեն հավասարապես 2 թիմերի՝ 20-ական ֆուտբոլիստներով։ «Փոփոխվող թիմերի» ֆուտբոլիստների համար մրցաշրջանը 1 տարի է լինելու, այսինքն՝ առաջին մրցաշրջանում ընտրված ֆուտբոլիստների փոխարեն գալիք տարի նոր այլ ֆուտբոլիստներ են լինելու կրկին 10 լավագույն թիմերից։ Նրանք խաղալու են ոչ թե իրենց, այլ Մ18 տարիքայինների խմբերի դեմ։ Սա հնարավորություն է տալիս պատրաստվել մեծ ֆուտբոլին։ Իսկ ինչու հենց Մ16 տարիքայինները, քանի որ հենց այդ տարիքում են պատանիները սկսում հասկանալ ֆուտբոլային տակտիկան, սխեման, մարզչի առաջադրանքները, թիմի փիլիսոփայությունը, իր դերը թիմում և այլն։
Իսկ ովքե՞ր են լինելու «փոփոխվող թիմերի» մարզիչները։ Նրանք ոչ թե պետք է հայ մարզիչներ լինեն առաջին տարում, այլ արտասահմանցիներ։ Այսօր կան արտասահմանցի բազում մարզիչներ, որոնք կարողանում են աշխատել պատանիների հետ և արդյունք ստանալ։ Կարելի է հրավիրել մարզիչների, որոնք առաջին տարում կկարողանան ոչ միայն մարզել երկու թիմերին, այլև սեմինար—դասընթացներ կանցկացնեն տեղի մարզիչների հետ՝ 1 տարին լրանալուց հետո իրենց փոխարինելու համար։ Սա շղթայական լուծում կլինի ոչ միայն մանկապատանեկան ֆուտբոլի, այլև մանկապատանեկան թիմերի մարզիչների կրթվածության, ֆուտբոլային նոր գիտելիքների, ֆուտբոլային գրագիտության համար։
Սակայն ո՞րն է այս գաղափարի առավելությունը։ Պետք է կառուցել այդ երկու ակումբների համար «ակադեմիա»։ Մեծ ակադեմիայի մասին չէ խոսքը, այլ ակադեմիա, որը հնարավորություն կտա ապրելու այդտեղ, այսինքն՝ ֆուտբոլիստները պետք է սկսեն հենց այդ տարիքից սովորել պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերային։ Թիմի հետ ապրելը, ամենօրյա մարզումները, դասերը ամուր կապ են ստեղծում, ինչը ֆուտբոլում շատ կարևոր է։
Այո՛, այս ամենի համար պետք են մեծ գումարներ, սակայն կարևոր է հիշել, որ հայկական ամումբների գրեթե բոլոր սեփականատերերը գործարարներ են։ Օրինակ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը նաև ռուսական «Արմավիր» ակումբի սեփականատերն է։ Մի քանի տարի առաջ նա նոր մարզադաշտ կառուցեց այդ թիմի համար, ինչի ընդհանուր ծախսը 1 միլիարդ ռուբլի է եղել։ Կարելի է ենթադրել, որ այդ մեծ գումարի կեսն անգամ բավարար կլինի ամենը իրականություն դարձնել։
«Արարատ—Արմենիա» ակումբի սեփականատերը Սամվել Կարապետյանն է, որը ևս ունի այն բոլոր հնարավորությունները, որ ամենը իրականություն դառնա։ «Փյունիկ» ակումբի սեփականատերը կրկին գործարար է՝ Արթուր Սողոմոնյանը, ով ներդրումներ է փորձում անել հայկական ֆուտբոլում։ Մեծ հաշվով՝ հայկական ակումբների սեփականատերերը ունեն մեծ ռեսուրսներ, որ կարողանան զարգացնել իրենց թիմերում մանկապատանեկան ֆուտբոլը, սակայն նրանք կարճաժամկետ ծրագրեր ունեն, և սա խոսում է այն մասին, որ հայկական թիմերի հանդիպումներում շատ քիչ են հայերը։ 2020/21 մրցաշրջանում, երբ «Նոան» եվրագավաթում մրցում էր ղազախական «Աստանայի» դեմ, երկու թիմերի մեկնարկային կազմում ընդամենը 1 հայ կար։ Եթե մրցակից թիմում հայ ֆուտբոլիստի ներկայությունը գովելի է, ապա «Նոայի» դեպքում՝ աբսուրդային։
Ճիշտ է, այս ծրագիրը ունի նաև իր ռիսկերը։ Օրինակ, հայկական ակումբները պետք է ցանկանան, որ իրենց ֆուտբոլիստները 1 տարով այլ միջավայրում մարզվեն, ու հնարավոր է՝ վնասվածքներ ստանան, որից հետո նախկին թիմ վերադառնալ չկարողանան կամ հենց վնասվածքով վերադառնան, ինչը թիմերի համար մեծ խնդիր է։ Հնարավոր է, որ ակումբները չցանկանան, որպեսզի միացյալ թիմեր լինեն, քանի որ հետագայում իրար դեմ մրցելիս ֆուտբոլիստները կարող են չնվիրվել խաղին մինչև վերջ։ Իհարկե, սրանք խնդիրներ են, որոնք պահանջում են խիստ մարզչական գիտելիքներ ու պատրաստվածություն։ Սակայն ամեն դեպքում ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ամեն տարի մոտ 40 ֆուտբոլիստի խաղին առանձնահատուկ ուշադրություն դարձնել, ովքեր ապագայում կազմելու են Հայաստանի հավաքականի ու հայկական ակումբների (հուսանք՝ նաև եվրոպական գրանդների) կորիզը։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)