Տնտեսական

Պատվաստվել, թե՞ ոչ․ Դավիթ Պետրոսյան

Պատվաստվել, թե՞ ոչ․ Դավիթ Պետրոսյան

Ըստ Առողջապահության նախարարության՝ օրական կատարվում է միջինը 20000 պատվաստում։ Համաձայն ՀՀ վարչապետի նոյեմբերի 11-ին կատարած հայտարարության՝ Հայաստանում ամբողջությամբ պատվաստվել է ավելի քան 300000, իսկ միայն առաջին դեղաչափը ստացել է 900000-ից ավել մարդ։ Մեր հարցումին ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ նոյեմբերի 4-ի դրությամբ պատվաստված է առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների, այդ թվում վարչական և տնտեսական աշխատողների 47.8%-ը, իսկ պացիենտների հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողների 83%-ը։
Պատվաստման և պատվաստանյութերի մասին զրուցել ենք դեղաբան, ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանի հետ։ Անդրադառնալով կորոնավիրուս հիվանդությանն ու դրա դեմ ստեղծված պատվաստանյութերին՝ Դավիթ Պետրոսյանը ասաց. «Քանի որ covid19-ը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը վիրուսն է, և շատ շուտ պարզվեց, որ այն ստեղծում է ինչ որ չափով իմունիտետ և չի կրկնվում որոշ ժամանակ, պարզ էր, որ կստեղծվի պատվաստանյութ։ Որոշ կենտրոններ, որոնք զբաղվում են պատվաստանյութերի մշակմամբ, շատ արագ սկսեցին զբաղվել covid-ի պատվաստանյութերի ստեղծմամբ։ Նախորդ նման տեսակի վարակների և բռնկումների դեմ իրենց մոտ կային պատվաստանյութի որոշ բաղադրիչներ, որոնք ստեղծվել, բայց չէին կիրառվել, քանի որ բռնկումը հաջողվել էր մարել: Երբ պարզվեց covid-ը շատ նման է այդ բռնկումներն առաջացնող վարակներին, շատ արագ ստեղծվեցին այդ պատվաստանյութերը։ 2020թ.-ի դեկտեմբերին սկսվեցին լայնածավալ պատվաստումները։ Փորձը ցույց տվեց, որ այն երկրները, որոնց բնակչությունը պարտաճանաչ ձևով պատվաստված էր, չէին տալիս մահացության այն թվերը, ինչ չպատվաստված երկրները։ Վիրուսը, որ ընկնում է մարդու օրգանիզմի մեջ, սկսում է բազմանալ, բազմացման արդյունքում էլ լինում է հիվանդությունը,-բացատրում է մասնագետը,-բայց օրգանիզմը ունի պաշտպանիչ հատկություն, որը, առաջացնելով հակամարմիններ, կարողանում է վիրուսին ոչնչացնել: Մանրէների դեպքում այլ է․ կան հակաբիոտիկներ, իսկ վիրուսը չունի հակավիրուսային դեղամիջոցներ, ուստի միակ պաշտպանվելու միջոցը մնում է պատվաստանյութը: Կովիդով վարակված մարդուն կարելի է օգնել հաղթահարել հիվանդությունը՝ դեքսամետազոն տալով, թթվածին տալով»։
Ըստ դեղաբանի՝ մեր օրգանիզմին թվում է, թե վիրուսն է իր մեջ մտել, իսկ իրականում մտել է վիրուսի մուլյաժը, որը հակամարմին է արտադրում, բայց հիվանդություն չկա: Պատվաստվելուց հետո, երբ վիրուսը թափանցում է օրգանիզմ, օրգանիզմը նրան ճանաչում է և սկսում է վերացնել այն:
Դավիթ Պետրոսյանը վստահեցնում է, որ հետևանքներ պատվաստանյութը չի առաջացնում, ուստի վախենալ հետևանքներից անհիմն է։ Հակառակը պնդողներին Պետրոսյանը կոչ է անում հիմնավոր պարզաբանումներ կատարել։ «Մեր երկրում պատվաստումային հակաքարոզ իրականացնողները խանգարում են մեր գործին ու դանդաղում է պատվաստումների տեմպը, բայց իրականում պատվաստանյութերը իրենց էությամբ չեն տարբերվում նախկինում ստեղծված բոլոր պատվաստանյութերից, բացի նրանից, որ սրանք հակամարմին են առաջացնում covid-ի դեմ։ Այսինքն՝ պատվաստանյութի բաղադրիչները գրեթե նույն են: Պատվաստանյութին դեղի տեսք են տալիս։ Չի կարող վերցվել միայն հակամարմինը և ներարկել մարդու օրգանիզմ, պետք է դեղաձև տեսք տալ դրան»:
Որպես դեղաբան՝ Դավիթ Պետրոսյանը կարծում է, որ պատվաստումը վտանգավոր չէ վերարտադրողական առողջության համար․ «Ամեն ինչ օգտագործվում է չափի մեջ, և եթե կա վտանգ որևէ դեղի մասով, օրինակ ալյումինի հիդրոքսիդի, ապա պետք է իմանալ, որ ամեն ինչ թույն է, կարևոր է չափը: Մի կողմից՝ այսինքն այն թույն է, մյուս կողմից՝ բուժիչ, և սա բոլոր դեղերի մասին է: Պատվաստանյութի մեջ առկա ոչ մի նյութ չի կարող վնասել մակրոօրգանիզմին, որովհետև դրանց քանակները շատ չնչին են: Կան կանայք, ովքեր պատվաստվել են, ամուսնացել են, հիմա ունեն երեխաներ։ Երբ սկսվեցին լայնամասշտաբ պատվաստումները, շատ կանայք, չիմանալով հղիության մասին, պատվաստվել են, արդեն ունեցել են երեխաներ ու ոչ մի խնդիր չի առաջացել։ Զարգացած երկրներում, հետևելով նման կանանց, ֆիքսվեց, որ ոչ մի վտանգ չի ենթադրում իրենից պատվաստանյութը հղիների համար։ Եղավ նաև հակառակ պրոցեսը, որ հղի կանայք վարակվեցին covid-ով, որի հետևանքով եղավ մեռելածնություն, կամ մահանում էին հղիները։ 2 պրոցեսի արդյունքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը չի վնասում, այնինչ covid-ը վտանգավոր է։ Եվրոպայում և Ամերիկայում առաջարկեցին հղիներին պատվաստվել, իսկ Հայաստանում ասվեց ամիսը 2 անգամ թեստավորվել կամ պատվաստվել, ինչը հղիներին չի վերաբերվում։ Այսինքն՝ Հայաստանում ևս որոշում կայացնում են իրենք»։
Անդրադառնալով Մոդեռնայի`Եվրոպայի մի քանի երկրներում տարիքով պայմանավորված սահմանափակմանը` Դավիթ Պետրոսյանը նշեց, որ երբ որոշ երկրներում պատվաստումից հետո մինչև 30 տարեկան տղամարդկանց մոտ գրանցվել է միոկարդիտի դեպքեր, դադարեցվել է Մոդեռնայով պատվաստումը։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մարդկանց մոտ միոկարդիտ եղել է մինչև պատվաստվելը։ Այս ամենից հետո կրկին թույլատրվել է Մոդեռնայով պատվաստումը։
Հասարակության մեջ կա կարծիք, որ Սինոֆարմը առավել անվտանգ է։ Մեր հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանում ամենաշատ կիրառված պատվաստանյութը Սինոֆարմն է: Դավիթ Պետրոսյանը նշում է, որ պատվաստվելուց հետո նորմալ երևույթ է ջերմությունը, մկանացավը, գլխացավը, բայց երբ Սինոֆարմից որոշ մարդկանց մոտ չեղան այդ երևույթները, մարդիկ մտածեցին, որ այլ բարդություններ նույնպես չի առաջացնի, ուստի ընտրեցին Սինոֆարմը:
Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ պատվաստանյութ ընտրելիս պետք է նաև հաշվի առնեն այն փաստը, թե հետագայում որ երկիր են ուզում գնալ, որովհետև տարբեր երկրներ տարբեր պատվաստանյութեր են ընդունում։
«Չինաստանում օրական երեսուն միլիոն մարդ պատվաստվում է Սինոֆարմով, և խնդիրներ չեն առաջացել: Ցանկացած պատվաստանյութից հետո հնարավոր է ոչ բարենպաստ ազդեցություն։ Մեծահասակները, ովքեր արդեն գիտակից են, մեծ քանակով պատվաստվում են»։ Պետրոսյանը կարծում է, որ մահվան դեպքերը պարտադիր չէ, որ կապված լինեն պատվաստման հետ, մանավանդ տարեցների մոտ և այս հարցի շուրջ տեսակետներ ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է մանրամասնորեն քննել յուրաքանչյուր օրինակ։ «Պետք է հետազոտել պատճառահետևանքային կապը պատվաստման և մահվան: Վակցինայի պատերազմների ժամանակ նման թեզեր հաճախ են առաջ քաշվում՝ վարկաբեկելու համար մյուս պատվաստանյութ արտադրողին: Չինաստանը այդ պատերազմին չի մասնակցում, նա պարզապես հայտարարել է, որ ունի պատվաստանյութ և այդ պատվստանյութը ընդունված է և ԱՀԿ-ի կողմից, և բավականին մեծ ծավալ ունի նաև Հայաստանում»։
«Ամեն մարդ թող ինքը որոշի՝ որ պատվաստանյութին է վստահում» — եզրափակում է իր խոսքը Դավիթ Պետրոսյանը։

Լուսինե Ալեքսանյան (թղթակից)