ԳիտակրթականՏնտեսական

Տեխնոպարկ՝ Արցախի Մարտունիում․ նպատակները սահմանված են, հետհաշվարկը՝ տրված

Տեխնոպարկ՝ Արցախի Մարտունիում․ նպատակները սահմանված են, հետհաշվարկը՝ տրված

Շուրջ 1,5 տարի է՝ «Ես» կրթական հիմնադրամն  Արցախի Մարտունու շրջանի չորս գյուղերի դպրոցականների համար անվճար տեխնոլոգիական կրթություն է ապահովում։ ՏՏ ոլորտում բազմամյա փորձը  «Ես» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Աշոտ Ավանեսյանին հնարավորություն է տվել համոզվելու, որ երիտասարդին գյուղում պահելու լավագույն ձևը նրանց մրցունակ, բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելն է։

Հիմնադրամի կրթական ծրագրերից ներկայում օգտվում է շուրջ 140 հոգի Մուշկապատ, Հաղորտի, Բերդաշեն, Խնուշինակ գյուղերից և Ստեփանակերտ քաղաքից։ Ստեփանակերտցիներին մոտ մեկ ամիս է, ինչ հնարավորություն է ընձեռվել մասնակցել «Ես» հիմնադրամի կողմից իրականացվող կրթական ծրագրերին։

Ի սկզբանե հիմնադրամը Մարտունու շրջանի վերոհիշյալ չորս գյուղերի դպրոցականների համար էր իրականացնում ծրագիրը, բայց պատերազմը ստիպեց պլանավորածից ավելի արագ ընդլայնել շահառուների շրջանակը։ Առաջիկա հինգ տարում, Աշոտ Ավանեսյանի խոսքով, մտադիր են Մարտունու շրջանն ամբողջությամբ ընդգրկել ծրագրում․

«Տեխնոպարկը, որի կառուցման համար դրամահավաք-արշավ ենք սկսել, մեզ կտա այդ հնարավորությունը։ Այն լինելու է կենտրոն, որտեղ մեր ուսանողները ստանալու են տեխնոլոգիական կրթություն, ձեռք են բերելու հմտություններ, որից հետո ստեղծելու են իրենց ընկերությունները։ Մեր վերջնական նպատակը գյուղում աշխատատեղեր ստեղծելն ու կրթության շարունակականությունն ապահովելն է։ Արդեն ունենք առաջին ընկերությունը՝ Star Sistems-ը, որը Հաղորտիի մեր չորս ուսանողների համատեղ ստարտափն է։ Նրանք վերջերս մշակել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքը»։

ՏՏ արագ փոփոխվող աշխարհից հետ չմնալու և պահանջված մասնագետներ պատրաստելու համար «Ես» հիմնադրամի կրթական բովանդակությունն ու դասավանդման մեթոդիկան պարբերաբար փոփոխվում է՝ համապատասխանեցվելով շուկայի պահանջներին։

Կրթական ծրագիրը, որն արժանացել է նաև Արցախի ԿԳՄՍ նախարարության հավանությանը, իրականացվում է երեք փուլով․ «Բացահայտում», «Հմտացում», «Սկսենք»։

Առաջին փուլում 11-12 տարիքային խմբի դպրոցականները շարժական լաբորատորիայի օգնությամբ իրենց համայնքներում գործնական աշխատանքների միջոցով պատկերացում են կազմում ծրագրավորման, ռոբոտաշինության, մարքեթինգի և թվային դիզայնի մասին։ Սրանք այն չորս հիմնական ուղղություններն են, որոնք ընկած են «Ես» հիմնադրամի մշակած կրթական ծրագրի հիմքում։

Շահառուների նախասիրություններն ու ընդունակությունները պարզ են դառնում հենց այս փուլում։ Առաջին 30 շահառուները, որոնք մի քանի ամսից կավարտեն առաջին փուլը, արդեն կողմնորոշվել են, թե հաջորդ փուլում ով ինչ ուղղությամբ է շարունակելու մասնագիտանալ։

Այդ երիտասարդներն իրենց կրթությունը շարունակելու հնարավորություն կունենան միայն նախատեսվող կենտրոնի ստեղծման դեպքում ։ Ավանեսյանի խոսքով՝  ֆոնդհայթայթմամբ ընդամենը ուզում են վերանորոգել տեխնոպարկի շենքը, կահավորել ու զինել այն անհրաժեշտ սարքավորումներով ։

«Առաջին փուլում, քանի դեռ շահառուներին ծանոթացնում ենք կրթական ծրագրի ուղղություններին, շարժական լաբորատորիան բավարարում է, բայց երկրորդ փուլում ուսանողները, որոնք տարբեր համայնքներից են ու, բնականաբար, տարբեր մասնագիտացումներ են ընտրել, պետք է հնարավորություն ունենան գաղափարներ քննարկելու, լուծումներ փնտրելու։  Այսինքն՝ մեկ հարկի տակ հավաքվելու անհրաժեշտություն է առաջանում։ Տեխնոպարկն այդ կենտրոնը պետք է դառնա»,-ասում է Ավանեսյանը։

Տեխնոպարկի կառուցման համար Հաղորտիի գյուղապետարանը համայնքային սեփականությունից անհատույց շինություն է տրամադրել հիմնադրամին։

Արդեն հաշվարկվել է՝ կենտրոնը կյանքի կոչելու համար  կպահանջվի 70 մլն դրամ, որից 3,5 մլն դրամը կծախսվի շենքի առաջին հարկը վերանորոգելու և տեխնոպարկի պահանջներին հարմարեցնելու համար։

Աշոտ Ավանեսյանն ասում է՝  առայժմ մեկ հարկում կկարողանան կազմակերպել ուսանողների կրթությունը՝ երեք ուղղություններով։ «Ռոբոտաշինության» ուղղությամբ առաջիկա 2-3 տարում «Հմտացում» փուլը չի իրականացվելու։ Գլխավոր պատճառը դրա համար պահանջվող սարքավորումների անհամեմատ բարձր գներն են․ «Ռոբոտաշինության մեջ օգտագործվում են հաստոցներ, որոնք ձեռք բերելու հնարավորություն մենք առայժմ չունենք։ Բացի այդ, ցավով պիտի նշեմ, որ ծրագրի շահառուներից շատ քիչ թիվ են կազմում  ռոբոտաշինությամբ հետաքրքրվածները»։

Այդուհանդերձ, ռոբոտաշինությունը մնալու է կրթական ծրագրի կարևոր ուղղություններից։ Այն առաջ մղելու, ճյուղի հանդեպ երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ հիմնադրամն արդեն աշխատում է։ 2021թ․ օգոստոսին անցկացված տեխնոճամբարի ժամանակ ընտրվել են այն դպրոցականները, որոնց հետ՝ ծրագրին զուգընթաց, մաթեմատիկայից ու ֆիզիկայից գործնական պարապմունքներ կանցկացվեն։ Նպատակը մի քանի տարի անց ռոբոտաշինությամբ հետաքրքրված ուսանողներ ունենալն է։

ՏՏ ոլորտում ունեցած փորձն ու հիմնադրամի գործունեության 1,5 տարվա պատմությունը հիմք ընդունելով՝ Ավանեսյանը նաև կանխատեսել է, թե տեխնոպարկի հիմնումից 5 տարի անց առնվազն քանի շահառու կունենա ծրագիրը։

Ավանեսյանը համոզված է՝ տեխնոպարկի կառուցումը շատ բան է փոխելու․ նախ՝ գործընկերների թիվն է  կտրուկ մեծանալու, իսկ ներկա փուլում որպես դոնոր հանդես եկող գործընկերներն էլ տեխնոպարկի կառուցումից հետո բիզնես գործընկերներ են դառնալու։ Դա է ենթադրում նաև կրթական ծրագրի երրորդ փուլը։

«Մենք բարեգործություն չենք ուզում․  ֆոնդհայթայթման նպատակը տեխնոպարկ ստեղծելն է, որից հետո տեղերում՝ գյուղական համայնքներում, մեր ուսանողները սեփական ուժերով կհիմնեն ընկերություններ, կստեղծեն աշխատատեղեր՝ շարունակելով ապրել իրենց համայնքներում»,-ասում է Ավանեսյանն ու վստահեցնում՝ Արցախում տեխնոպարկի կառուցման համար նվիրաբերված յուրաքանչյուր դրամը կնպաստի Արցախի գյուղերի զարգացմանն ու ամրացմանը։

Այդ նպատակի իրականացման համար յուրաքանչյուրն իր ներդրումը կարող է ունենալ՝ մասնակցելով դրամահավաք-արշավին։

«Տեխնոպարկ Արցախի Մարտունիում» ծրագրին նվիրատվություն կատարելու համար կազմակերպությունը իրականացնում է առցանց նվիրատվություն։

Լիլիթ Պողոսյան (թղթակից)