ՄշակույթՔաղաքական

Շուշիի 4 թանգարաններից միայն մեկը կվերաբացվի Ստեփանակերտում

Շուշիի 4 թանգարաններից միայն մեկը կվերաբացվի Ստեփանակերտում

Ուղիղ մեկ տարի առաջ հայկական Շուշին անհասկանալի հանգամանքներում հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության տակ։ Քաղաքի թանգարաններում ներկայացված ավելի քան 6000 ցուցանմուշներից և ոչ մեկն առայսօր չի հաջողվել հանել քաղաքից։
«Երբ Շուշին թշնամու կրակի տակ էր, Երկրաբանության թանգարանի ֆոնդը տեղափոխում էինք Կերպարվեստի թանգարանի նկուղ՝ վստահ լինելով, որ այդ ցուցանմուշներն այդ կերպ փրկում ենք։ Իրականում այդ նկուղն ապահով է, ուղղակի Շուշիի հետ կապված իրադարձությունների նման զարգացում չէինք պատկերացնում»,-ասում է «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։ Նրա խոսքով՝ հույս կար, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հնարավոր կլինի որոշ նմուշներ վերադարձնել, բայց արդեն մեկ տարի է՝ այդ հարցում որևէ տեղաշարժ չկա։

Միայն գեներալ Լազարևի համհարզ, փոխգնդապետ Եսայի Ղարամյանցի տոհմական տանը տեղակայված Շուշիի պատմության թանգարանում հայկական հինավուրց բերդաքաղաքի պատմությունը, մշակույթն ու կենցաղը ներկայացնող շուրջ 5000 ցուցանմուշ կար։
Պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանի ցուցանմուշների թիվը գերազանցում էր 400-ը, Պատկերասրահինը՝ 100-ը, իսկ Կերպարվեստի պետական թանգարանում ներկայացված էր մոտ 700 աշխատանք։
Կերպարվեստի պետական թանգարանի հավաքածուից շուրջ 100 աշխատանք հաջողվել է փրկել շնորհիվ այն բանի, որ ժամանակավոր ցուցադրության նպատակով գտնվում էին Ստեփանակերտում և Արցախի տարբեր շրջաններում։

Այդ՝ հանգամանքների բերումով պահպանված ցուցանմուշները շուտով նորից մեկ հարկի տակ կհավաքվեն։ «Նախատեսում ենք Ստեփանակերտում վերաբացել Կերպարվեստի պետական թանգարանը, որը գործում էր Շուշիում, և այն մարդկանց նվիրատվությունների հիման վրա, ովքեր կցանկանան իրենց աշխատանքները նվիրաբերել թանգարանին, ստեղծել նոր հավաքածու»։ Շենքը, որտեղ նախատեսվում է տեղակայել թանգարանը, Լուսինեի խոսքով, արդեն երևակվում է և առաջիկա ամիսներին այն կսկսի գործել։
Երկրաբանության պետական թանգարանը Շուշիում գործում էր 2014 թվականի մայիսից։ Երկաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուի հիման վրա բացված թանգարանի ֆոնդը տարեցտարի համալրվում էր արժեքավոր ցուցանմուշներով՝ բերված նաև այլ երկրներից։

2013 թվականից՝ դարձյալ Գաբրիելյանցի ջանքերով բացված Կերպարվեստի պետական թանգարանում հայ անվանի նկարիչների բազմաթիվ գործեր էին ներկայացված։ Թանգարանի՝ նվիրատվությունների արդյունքում ձևավորված հավաքածուն ներառում էր նաև այլազգի հայտնի նկարիչների՝ Դմիտրի Ժիլինսկու, Տարաս Շևչենկոյի և այլոց գործեր։
Շուշիում գործող թանգարաններից ամենահինն ու հարուստը՝ ֆոնդի առումով, պատմության թանգարանն է։ 1992 թվականից գործող Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը, որը 2014-ից վերանվանվել է Շուշի քաղաքի պատմության թանգարան, ամփոփում էր հայոց բերդաքաղաքի բազմադարյա պատմության վկայությունները։ Թանգարանում առանձին տեղ էր հատկացված Շուշիի ազատագրման ռազմագործողությանը․ «Հարսանիք լեռներում» ռազմագործողության մանրակերտը թանգարանի ամենաարժեքավոր նմուշներից էր։
Եթե, օրինակ, Կերպարվեստի թանգարանի պարագայում նոր հավաքածուներ ստեղծելու հնարավորություն կա, ապա Շուշիի պատմության թանգարանի դեպքում, ցավոք, ինչպես նկատում է Լուսինե Գասպարյանը, այդ հնարավորությունը չկա։

Լիլիթ Պողոսյան (թղթակից)