Հնդկաստան-Հայաստան նոր առևտրային ուղին քննարկումների առարկա
Հնդկաստան-Հայաստան նոր առևտրային ուղին քննարկումների առարկա
Համաշխարհային ապրանքաշրջանառության կարևոր հարցերից մեկը մնում է վստահելի գործընկերների հետ փոխկապակցված ուղիների օգտագործումը, որը մեծ ու փոքր երկրների համար կարող է փոխշահավետ համագործակցության լավ հիմք հանդիսանալ։
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների կողմից նման փոխշահավետ համագործակցության առաջարկ է կատարվել Հնդկաստանի գործընկերներին։
Համաձայն «The Economic Times»-ի լրագրող Դիփանջան Ռոյ Չաուդխուրիի՝ Հայաստանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցք ստեղծել՝ հնդկական գործարար շրջանակներին Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի հետ կապելու նպատակով։
Հոդվածագրի տվյալներից հայտնի է դառնում, որ այս մասին առաջարկն արվել է անցյալ շաբաթ Հնդկաստան այցելած հայկական պատվիրակության կողմից։ Ամենայն հավանականությամբ առաջարկը կատարվել է այն ժամանակ, երբ Հնդկաստանում էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Առաջարկվող միջանցքը, որը կանցնի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին զուգահեռ, նպատակ կունենա Մումբայը կապել Իրանի Բանդար Աբասի հետ, որից հետո էլ Հայաստանին, իսկ վերջինիս միջոցով էլ՝ Եվրոպային ու Ռուսաստանին։ Հնդկաստանի մասով առաջարկի դրական դիտարկման նախադրյալները կապվում են այլ ուղիներում Ադրբեջանի մասնակից լինելու հանգամանքի հետ։ Մի երկրի, որի հետ առնվազն լավ հարաբերություններ ունի Հնդկաստանի համար հակադիր ճամբարում գտնվող Պակիստանը։
Հայտնի է, որ ռուս-ուկրաինական պատերազմից սկսած՝ Հնդկաստանի առևտուրը Ռուսաստանի հետ կտրուկ աճել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցի (INSTC) միջոցով: Այն Մումբայը կապում է Ռուսաստանի հետ Իրանի և Կասպից ծովի միջոցով: Ադրբեջանը INSTC-ի շրջանակներում առանցքային տարր է, սակայն դանդաղ է ավարտում ենթակառուցվածքային կապը INSTC-ի շրջանակներում:
Մյուս կողմից Հայաստանը պատմականորեն ամուր քաղաքական և գործարար կապեր ունի Իրանի հետ: Ինչը հավելյալ գործոն է Հնդկաստան-Իրան այլընտրանքային կապի շրջանակում Հայաստանի միանալու հարցում։
Այս առևտրային ուղին կստեղծի լրացուցիչ երթուղի՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը՝ Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև առճակատումից խուսափելու համար։ Միևնույն ժամանակ, Սուեզի ջրանցքը շրջանցելով՝ Եվրոպա հասնելու համար լրացուցիչ առևտրային ուղիների Հնդկաստանի համար առկա անհրաժեշտությունը մնում է ուժի մեջ:
Չմոռանանք, որ Իրանը 2016 թվականին առաջ քաշեց նոր միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծ, սակայն բանակցությունները դադարեցին Քովիդի համաճարակի ժամանակ։ Միևնույն ժամանակ այդ ծրագրի բոլոր հնարավոր մասնակիցները՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան և Հունաստանը, իրենց ցանկությունն են հայտնել մասնակցելու ծրագրին։
Հաշվի առնելով արտերկրում խոշոր ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու հնդկական ընկերությունների մեծ փորձը և Իրանի ու Վրաստանի տարածքով Հնդկաստան-Եվրոպա տրանսպորտային միջանցքի երթուղին գործարկելու Հնդկաստանի շահագրգռվածությունը՝ Հայաստանը նախատեսում է բանակցություններ սկսել Հնդկաստանի հետ։ Այս համատեքստում քննարկման թեմաների մեջ էական երկու հարց է մնում․ նախագծում հնդկական ընկերությունների հնարավոր մասնակցությունն ու դրանց չափերը, ինչպես նաև նախագծի իրականացման շրջանակում անհրաժեշտ դրամական միջոցների ներգրավումը։
Դե ինչ, մակերեսի վրա ակնհայտ է, որ առկա են բոլոր նախադրյալները կյանքի կոչելու այս կարևոր նախագիծը։ Մնում է հասկանալ աշխարհաքաղաքական այս բարդ զարգացումների շրջանակում ինչպիսի լուծումներ են առաջադրվելու ու արդյո՞ք այդ լուծումները բավարարելու են ոչ միայն Հայաստանի ու Հնդկաստանի, այլ նաև՝ ուղղակի և անուղղակի կերպով ներքաշվող կողմերի շահերը։
Մարինե Զոհրաբյան (կամավոր թղթակից)