Սպորտ

Վերջին խաղերից հետո՝ բազում «ինչու»-ներ

Վերջին խաղերից հետո՝ բազում «ինչու»-ներ

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց իր առաջին հանդիպումը Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ մրցելով Թուրքիայի ընտրանու դեմ։ Այդ մրցավեճից ընդամենը օրեր անց մեր հավաքականը ընկերական խաղում ուժերը չափեց Կիպրոսի դեմ։ Մեր հավաքականը Թուրքիային զիջեցին 1։2 հաշվով, իսկ Կիպրոսի դեմ խաղում ձեռքից բաղ թողեց հաղթանակը՝ գրանցելով ոչ-ոքի արդյունք՝ 2։2։ Հիմա, երբ հավաքականի խաղերի մասին խոսակցություններն ու հետաքրքրությունները նվազել են, ճիշտ ժամանանկն է՝ խոսելու բազում «ինչու»-ներից և փորձելու տալ դրանց հավանական լուծումները։

Երկար տարիներ է, ինչ խոսվում է որակյալ դարպասապահի խնդրի մասին։ Այն, որ Արսեն Բեգլարյանը այս պահին մեր առաջին համարն է, կասկածի տեղիք չի տալիս, սակայն հարցն այլ է։ Ալեքսանդր Պետրակովը շարունակում է Խոակին Կապարոսի սկսած քիչ թե շատ սերնդափոխությունը։ Այս համատեքստում արդյո՞ք ճիշտ է երիտասարդ դարպասապահների հրավիրել հավաքական, միանշանակ ճիշտ է, սակայն անտրամաբանական է այն, որ հրավիրված 3 դարպասապահներից 2-ի տարիքային գումարը 62 է։ Եթե Թուրքիայի դեմ խաղում 30-ամյա Արսեն Բեգլարյանը պետք է խաղար, քանի որ և՛ լավ մարզավիճակում էր, և՛ փորձ ուներ հավաքականում խաղալու, ապա ընկերական խաղում դարպասը կրկին տարեց դարպասապահի վստահելը անիմաստ էր։ 32-ամյա Ստանսիլավ Բուչնևի կոպիտ սխալի արդյունքում մեր հավաքականը ձեռքից բաց թողեց հաղթական հաշիվը։ Գլխավոր մարզիչը այս հանդիպումներին հրավիրել էր նաև ԲԿՄԱ-ի 21-ամյա դարպասապահ Արման Ներսեսյանին։ Ինչո՞ւ նա չստացավ խաղաժամանակ ընկերական խաղում՝ իր ուժերը փորձարկելու, և ինչո՞ւ Ստանսիլավ Բուչնևը ընկերական հանդիպմանը ամբողջությամբ մասնակցեց, այնինչ կարելի էր դարպասում տեսնել հենց Արման Ներսեսյանին, առավել ևս այն դեպքում, երբ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Պետրակովը ակնարկել էր Ներսեսյանի մասին՝ նշելով, որ հետևում են երիտասարդ դարպասապահի խաղին։

Հայաստանի ազգային հավաքականը բավականին շատ օտարերկրացի ֆուտբոլիստների է հրավիրում ազգային հավաքական։ Հատկանշական է այն, որ վերջին 3 տարիներին հենակետային գոտու համար 3 օտարերկրացի ֆուտբոլիստներ են հրավիրվել մեր ընտրանի՝ Սոլոմոն Ուդոն, Վբեյմար Անգուլոն և Ուգուչուկվու Իվուն, ով վերջերս իր նորամուտի նշեց հավաքականի կազմում։ Վերոնշյալ ֆուտբոլիստներից առաջին երկուսը այլևս չեն հրավիրվում հավաքական։ Ուդոն և Անգուլոն Կապարոսի ժամանակ կարևոր օղակ էին հավաքականի համար, սակայն հետո նրանք խամրեցին։ Փաստացի, օտարերկրացի ֆուտբոլիստներին հրավիրելը հենց այդ դիրքը փակելու համար հաջող չեն եղել։ Իվուն դեռ նոր է, և Թուրքիայի դեմ նրա խաղը աչք էր ծակում, սակայն պետք չէ շտապել։ Ընկերական հանդիպման համար կարելի էր ազգային ընտրանի հրավիրել «Ուրարտուի» հենակետային, 21-ամյա Նարեկ Աղասարյանին, ով Իվուի խաղընկերն է։ Աղասարյանը փայլուն ֆուտբոլ է ցույց տալիս Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում։ Ինչո՞ւ չհրավիրել նման խաղացողի։

Չի կարելի չնշել նաև հարձակման եզրերի մասին մեր ֆուտբոլիստներին։ Ալեքսանդր Պետրակովը, ինչպես պարզ դարձավ հանդիպումներից, աջ եզրային հարձակվողի դիրքում դիտարկում էր հրավիրված ֆուտբոլիստներից միայն Արթուր Սերոբյանին ու Տիգրան Բարսեղյանին։ Այո՛, երկուսի դերը մեր հավաքականում մեծ է։ Արթուրը դեռ երիտասարդ է, իսկ Տիգրանը արդեն հասուն խաղացող է, սակայն ընկերական հանդիպումները փորձարկումների համար են, ու այս պարագայում կարելի էր նախապատվությունը տալ նաև «Վանի» 24-ամյա վինգեր Էդգար Մովսեսյանին։ Ճիշտ է, նա իր վերջին խաղերում արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել, բայց հավաքական հրավիրվելը կարող էր վստահություն տալ ֆուտբոլիստին։ Ինչո՞ւ չհրավիրել ու չտալ հնարավորություն նաև նրան։

Շատ կարևոր է նաև հետևյալը․ «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն ու Արթուր Գալոյանը (կրկին) չէին հրավիրվել ազգային հավաքական։ 23-ամյա Հարությունյանը «Փյունիկի» շարժիչ ուժն է, նրա պես տաղանդավոր ֆուտբոլիստ Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում շատ քիչ կան, իսկ նրան հավաքական չհրավիրելը մեծ «ճոխություն» էր։ Արթուր Գալոյանի՝ հավաքական հրավիրվելն էլ կարծես չի քննարկվում։ Մենք խոսում ենք հավաքականում գոլահար ունենալու մասին, սակայն աչքաթող ենք անում «Ալանիայում» հանդես եկող Արթուր Գալոյանին, ով 7 գոլով այս պահին իր թիմի լավագույն ռմբարկուն է և 12 գոլային փոխանցում է կատարել, ինչը լավագույն ցուցանիշներից է Ռուսաստանի առաջին խմբում։

Հայաստանի ազգային հավաքականը վատ հանդես չեկավ վերջին հանդիպումներում, կարող էր անգամ երկու խաղում էլ հաղթել, եթե որոշ հանգամանքներ մեր օգտին լինեին, սակայն սա ֆուտբոլ է, ու ոչ ոք ապահովագրված չէ սխալներից։ Մեր հավաքականը հունիսին կարևորագույն հանդիպումներ ունի անցկացնելու։ Հունիսի 16-ին դրսում կմրցենք Ուելսի, իսկ հունիսի 19-ին Երևանում՝ Լատվիայի դեմ։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)