Սպորտ

Հայաստան-Թուրքիա․ ի՞նչ սպասել մեր հավաքականից

Հայաստան-Թուրքիա․ ի՞նչ սպասել մեր հավաքականից

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին մեկնարկում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլը։ Խմբային փուլում մեր ընտրանին բավականին ուժեղ մրցակիցների է հանդիպելու, ինչպիսիք են Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի հավաքականները։ Ընտրական փուլի առաջին խաղը Երևանում է Թուրքիայի հավաքականի դեմ։ Ի՞նչ սպասենք մեր հավաքականից, ովքե՞ր կարող են հրավիրվել և ի՞նչ խնդիրներով ենք մոտենալու կարևոր հանդիպմանը։

Նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախևառաջ չունի բավականաչափ ժամանակ՝ թիմին հարմարվելու և թիմին լավ ճանաչելու համար, որքան էլ նա Ուկրաինայի երիտասարդական հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Թերևս, գլխավոր հարցն այն է, թե ինչպիսի կազմով մեր հավաքականը կմրցի Թուրքիայի դեմ։ Հասկանալի է, որ մենք ունենք խնդիրներ, իսկ որո՞նք են դրանք։

Ռոման Բերեզովսկուց հետո Հայաստանի հավաքականը չկարողացավ գտնել այնպիսի դարպասապահի, որը կկարողանա պաշտպանել դարպասը։ Էտապներով Արսեն Բեգլարյանը, Արամ Հայրապետյանն ու Դավիդ Յուրչենկոն կարողացան բացը լրացնել, բայց խնդիրը ամբողջությամբ չկարողացան լուծել։ Արսեն Բեգլարյանը անկայուն էր գործում հավաքականում, Հայրապետյանը այլևս նախկին մակարդակում չէ, իսկ Դավիդ Յուրչենկոն այնքան է նվազեցրել իր խաղամակարդակը, որ հայտնվել է սիրողական առաջնության «Բեյ Բեգի» թիմում։ Ոչ միայն առաջիկա, այլև ամբողջ մրցաշարի համար մարզչիը պետք է գտնի օպտիմալ տարբերակ՝ այս բացը լրացնելու ու դարպասը անառիկ պահելու համար։

Մյուս խնդիրներից մեկն այն է, որ հավաքականը չի կարողանում գտնել այնպիսի գոլահարի, ինչպիսին էր Յուրա Մովսիսյանը։ Քննարկվում էր «Բավարիայի» երկրորդ թիմում հանդես եկող Հրանտ Լեոն-Ռանոսի մասին, ով արմատներով հայ է, սակայն նա չի կարող գալ հավաքական ու սկսել խաղալ այն ֆուտբոլը, որը ցուցադրում է Մյունխենում։ Նախ, պետք է հարմարվել թիմին, մարզչին, գտնել քիմիա մյուս խաղացողների հետ, իսկ դրա համար միանշանակ ժամանակ է պետք․ մեկ շաբաթը բավարար չէ այս ամենի համար։ Սակայն, Ալեքսանդր Պետրակովը երեկ հայտարարեց արտերկրում հանդես եկողների ցանկը, ովքեր պիտի մասնակցեն առաջիկա խաղերին, որի մեջ չկար Ռանոսը։ Սա մեր հավաքականի խնդիրներից է դեռ 2015 թվականից հետո։

Հավաքականը պետք է կենտրոնանա նաև այն փաստի վրա, որ Հենրիխ Մխիթարյանը չի վերադառնալու հավաքական, ու պետք է մտածել առանց նրա խաղի մասին։ Իսկ թե ո՞վ կլինի մեր հավաքականի առաջատարը խաղադաշտում, ցույց կտա ժամանակը։ Էդուարդ Սպերցյանը, թերևս, այս ասպեկտում առաջին դերում է։

Հայաստանի հավաքականի վրա մեծ ճնշում է սպասվում, սակայն մեծ սպասելիքներ ունենալ այս խաղում, սուտ է։ Թուրքիայի ընտրանին բավականին հզոր է, սակայն պետք չէ թերագնահատել մեզ։ Սա հավաքականի նորանշանակ մարզչի առաջին հանդիպումն է, ինչը խնդիրն էլ ավելի է դժվարեցնում։

Հուսով ենք, որ Հանրապետական մարզադաշտը լեփ-լեցուն կլինի և կօգնի՝ առավելության հասնելու համար։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)