ՄարզայինՏնտեսական

«Աշխատողներին ուղարկում են տուն, որ չվարձատրեն». Իջևանի կարի արտադրամասի աշխատակիցները դժգոհ են

«Աշխատողներին ուղարկում են տուն, որ չվարձատրեն». Իջևանի կարի արտադրամասի աշխատակիցները դժգոհ են

Հուլիսի 22-ին Իջևանի կարի արտադրամասի աշխատողներին «ուղարկել են տուն»: Իջևանի նախկին «универмак»-ի առաջին հարկում գտնվող արտադրամասի աշխատակիցներից մեկը իր խոսքում նշեց, որ սովորաբար այսպես է լինում, երբ աշխատակիցները դժգոհություն են բարձրացնում 2-3 ամիս աշխատավարձ չստանալուց հետո, իսկ երեկվա դեպքն ամենևին էլ առաջին անգամը չէ: Նրա խոսքով աշխատավարձերի և որոշ աշխատակիցների վերջնահաշվարկների ուշացման առթիվ տնօրինությունը մի քանի միմյանցից տարբերվող և միմյանց հակասող պատասխաններ ունի. «Լավ չեք աշխատում», «Շուտով աշխատավարձ կստանաք», «Ընդամենը 20 օր է, ինչ աշխատավարձ չեք ստացել», «Գնացեք տուն, մինչև աշխատավարձ ստանաք» և այլն: Մեր զրուցակիցը նշեց, որ աշխատակիցների մեծ մասը աշխատանքը չկորցնելու մտավախությամբ շարունակում է աշխատել նման պայմաններում:

Անանուն ընկերության սեփականատեր Դավիթ Բորիսևիչի հետ դժվարությամբ կապ հաստատեցինք: Աշխատավարձերի ուշացման պատճառների հետ կապված մեր հարցադրմանը արտադրամասի սեփականատերը հակասական պատասխաններ հնչեցրեց։ Նա սկզբում ասաց, որ պետության կողմից պատվերներ ընդունելու դեպքում վարձատրությունը ուշանում է, ապա նշեց՝ աշխատակիցները ստում են: Աշխատակիցների կողմից հնչեցված բոլոր խնդիրները Բորիսևիչը հերքեց, բացի աշխատակիցներին աշխատավարձ չվճարելու պատճառով տուն ուղարկելը։

Վերջին անգամ աշխատակիցները ամբողջ ապրիլ ամիսը չեն աշխատել։ Այս անգամ նրանք ևս անորոշ ժամանակով ստիպված են տանը մնալ։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)