Օդապարիկները սրում են լարվածությունը

Օդապարիկները սրում են լարվածությունը

Նախօրեին ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի երկնքում երևացել են օդապարիկներ։ Ինչպես տեղեկացնում է Պենտագոնը, նրանք նկատել են չինական հետախուզական օդապարիկներ։ Օդապարիկի հայտնաբերումն էլ ավելի է լարում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները աճող լարվածության պայմաններում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հետաձգել է հանգստյան օրերին ծրագրված դիվանագիտական ​​այցը Չինաստան։ Պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան Պենտագոնի լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը «շատ մեծ վստահություն ունի», որ դա չինական հետախուզական օդապարիկ է,  և այն տեղեկատվություն հավաքելու համար է օդ բարձրացել: Այն վայրերից մեկը, որտեղ օդապարիկը նկատվել է, Մոնտանան էր, որտեղ գտնվում է երկրի միջուկային հրթիռների սիլոսների երեք դաշտերից մեկը Մալմստրոմ ռազմաօդային ուժերի բազայում:

Պենտագոնի մամուլի քարտուղար, գեներալ Պատրիկ Ռայդերը այս հարցի վերաբերյալ հակիրճ հայտարարություն է տվել՝ ասելով, որ կառավարությունը շարունակում է հետևել օդապարիկին: Նա ասաց, որ «ներկայումս այն ճամփորդում է բավականին բարձր բարձրության վրա և ռազմական կամ ֆիզիկական վտանգ չի ներկայացնում գետնի վրա գտնվող մարդկանց համար»: Նա ասաց, որ օդապարիկների նման ակտիվություն նկատվել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բլինքենը պետք է կատարեր իր առաջին ուղևորությունը Պեկին, որը սպասվում էր այս շաբաթավերջին:

Պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն ունի կործանիչներ, այդ թվում՝ F-22, որոնք պատրաստ են խոցել օդապարիկը, եթե հրամայվի Սպիտակ տան կողմից: Պենտագոնը, ի վերջո, որոշել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ օդապարիկը գտնվում էր Մոնտանայի նոսր բնակեցված տարածքի վրա, դրա խոցումը կստեղծեր բեկորային այնքան մեծ դաշտ, որ այն կարող էր վտանգի ենթարկել մարդկանց:

Չինական հետախուզական ևս մեկ օդապարիկ նկատել են Լատինական Ամերիկայի տարածքում։ «Մենք տեղեկություններ ենք ստանում օդապարիկի մասին, որը թռչում է Լատինական Ամերիկայի վրայով։ Մեր գնահատմամբ՝ դա չինական հետախուզական ևս մեկ օդապարիկ է»,- ասել է Պատրիկ Ռայդերը։ 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)