ՄշակույթՔաղաքական

«Ամենաթանկիս տվեցի հողին, ու հողը թողնել,գնալ պարզապես ամենաստոր քայլը կլինի»

«Ամենաթանկիս տվեցի հողին, ու հողը թողնել,գնալ պարզապես ամենաստոր քայլը կլինի»

Արդեն 54 օր Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և 21-ամյա Գայանե Խաչատրյանը, ով պատերազմից հետո վերադարձել էր Արցախ՝ կյանքը շարունակելու, հույս ունի՝ ինչպես անսպասելի փակվեց կյանքի ճանապարհը, նույն կերպ անսպասելի կբացվի։ Այսքանից հետո նա դեռ հույս ունի ապրել ազատ ու անկախ Արցախում։

Մասնագիտությամբ կոսմետոլոգ և ֆլորիստ է․ երկու աշխատանքն էլ անմիջապես կապված է լույսի հետ։ Երբ լույս, գազ չի լինում, հիմնականում ստեղծագործում է, մտքերով վերադառնում է անցյալ, հիշում երջանիկ օրերը կամ էլ պարզապես երազում անհոգ կյանքի մասին, որն իրապես երազանք է դարձել իրենց համար։ Շատ հաճախ դրսում կանգնում է և մտածում՝ ամեն բան նորմալ է, և կարծես ոչինչ չի եղել։ Կանգնում է խանութի դիմաց և կարծում՝ կվերցնի այն, ինչ իրեն անհրաժեշտ է՝ առանց հարցերի, առանց մերժումների, առանց թախծոտ հայացքների։ Սակայն կրկին բախվելով իրականությանը՝ հասկանում է՝ ոչինչ այդպես հեշտ չէ, ինչպես երազում են։

Սնունդ գտնելու խնդիրը ամենառաջնայինն է Արցախում, որովհետև շատ հաճախ կուտակված հերթերը դառնում են անտանելի։ Ցուրտ է լինում, երբեմն անձրև է գալիս, երբեմն մարդիկ, իրար հրմշտելով, փորձում են առաջ անցնել, ինչը երբեմն հասկանելի է, երբեմն ոչ։ Հաճախ ստացվում է այնպես, որ հերթի հետ մեկ տեղ սնունդն է ավարտվում։ Այս ամենը տեսնելով՝ Գայանեն երբեմն նախընտրում է սոված մնալ։ Ասում է՝ քաղցրասեր է, և ավելի դժվար է քաղցրի բացակայությունը։

Գայանեի համար դժվար է նայել իրականության աչքերին և ամեն կերպ պահել հույսը, ասում է՝ հույսը վերջում է մեռնում կամ չի մեռնում, մենք էլ այդ հույսով ապրողներն ենք։

Շրջափակումը խաթարեց նրա ծրագրերը․ մտադիր էր դեռ դեկտեմբերին գալ Երևան և հաճախել ֆլորիստիկայի դասընթացների։ Նշում է՝ մեկ անգամ ևս նրա գալը հետաձգվել էր Ջերմուկի ուղղությամբ կատարված հարձակումների պատճառով, իսկ այս անգամ ամենավերջին կերպով փակեցին կյանքի ճանապարհը։ Գայանեի համար շրջափակման մեջ լինելը անտանելի ցավ է ոչ միայն սնունդ չունենալու պատճառով, այլ նաև մտավոր և հոգևոր դարձել են ճնշված ու ապրում են կապանքներում, վանդակի մեջ են թռչունի պես, թեպետ թռչունը ինչ-որ տեղ շնչելու հնարավորություն ունի, իսկ իրենք Արցախում կարծես այս հնարավորությունն էլ կորցրած լինեն։

Ասում է՝ Արցախից դուրս գալու միտք միշտ է ունեցել, որի պատճառը երբեք պատերազմը և դժվարին ժամանակները չեն եղել, ապագայի պլանները կապել է արտասահմանի հետ՝ ավելի խորանալու և հմտանալու, սակայն այս ամենը մնաց ետևում․
«Չեմ կարող զոհված հորս մարմինը, որը դեռ վեց ամիս է հողում, թողնել ու ասել՝ ես տեղափոխվում եմ, ինչքան էլ ելք չլինի, հույս չլինի, որովհետև ամենաթանկիս տվեցի հողին, ու հողը թողնել, գնալ պարզապես ամենաստոր քայլը կլինի»։

Այսօր շրջափակված Արցախում Գայանեն դիմավորում է իր և իր հերոսացած հայրիկի ծննդյան տարեդարձը։

Դժվարին ժամանակներ ապրելով, ամեն վայրկյան սեփական մարմնի վրա զգալով անզորության ցավը՝ հավատում է, որ մի օր կբացվի կյանքի ճանապարհը, և կազատվեն կապանքներից։

Գայա Ասոյան (կամավոր թղթակից)