ԱռողջապահականՍոցիալական

Թմրամիջոցները  Հայաստանում. Սոցցանցերը՝ թմրանյութերի տարածման միջոց:

Թմրամիջոցները Հայաստանում. Սոցցանցերը՝ թմրանյութերի տարածման միջոց:

Թմրամոլության դեմ պայքարն անվերջ թեմա է: Թմրանյութերի օգտագործումից տարեկան մահանում է հարյուր հազարավոր մարդ:  Դեռահասների և երեխաների շրջանում օր օրի ավելանում է թմրանյութերի օգտագործման ծավալը:  Ցավոք թմրանյութ օգտագործողների տարիքային շեմը երիտասարդացել է, ավելացել է օգտագործող կանանց և անչափահասների թիվը:  Դեպքերի շուրջ 50 տոկոս աճը պայմանավորված է հիմնականում համացանցի,  իսկ մեծամասամբ տելեգրամ ալիքների միջոցով կատարվող դեպքերի ավելացմամբ,  որոնց գովազդները կարելի է տեսնել ամենուր։  Հայտնաբերվել է թմրամիջոցների վաճառաքով զբաղվող 435 տելեգրամյան շոփ,  35 ալիք,  նաեւ 100-ից ավել չաթեր,  ուր քննարկումներ են ծավալվում այս կամ այն տելեգրամյան ալիքի մատուցած ծառայությունների որակի,  կամ այդ որակի բացակայության մասին: Հիշեցնենք,  որ սրանք դեռ միայն պաշտոնական տվյալներ են:  Թմրամիջոց ներկրող կամ պատրաստող անձն իր տելեգրամյան ալիքով սկսում է դրանք իրացնել,  մասնավորապես դրանք թաքցնում է հանրապետության տարբեր վայրերում,  իսկ գումարը ստանալուց հետո գնորդին ասում դրանց գտնվելու վայրը։ Վերջին տարիներին աշխարհում բնական թմրանյութերից բացի լայն տարածում են գտնում նաև սինթետիկ ծագմամբ թմրանյութերը:  Դրանց շարքին է դասվում նաև մահաբեր թմրամիջոց համարվող «Սփայսը»,  որի հայրենիքը և հիմնական մատակարարը  Չինաստանն է:  2006 թվականից այն հասանելի է դարձել ամբողջ աշխարհում և այսօր արդեն իրական սպառնալիք է նաև Հայաստանի համար:  Հատկապես աճել է սինթետիկ օփիոիդների դասին պատկանող տրամադոլ տեսակի ցավազրկող նյութի օգտագործումը ոչ բժշկական նպատակով:  Մինչ 2010թ-ին բռնագրավված տրամադոլի քանակը եղել է 10 կգ,  երեք տարի անց այն հասել է 9 տոննայի,  իսկ արդեն 2017թ-ին՝ 125 տոննայի:

Թմրանյութերի կանոնավոր օգտագործումն առաջացնում է կախվածություն: Ժամանակի ընթացքում օրգանիզմը սովորում է թմրանյութի որոշակի չափաբաժնի,  և մարդը այլևս չի բավարարվում թմրանյութի նույն քանակությամբ,  այլ ձգտում է ուժեղ հաճույքի զգացողության,  ինչն էլ շատ հաճախ հանգեցնում է մահացու չափաբաժինների ընդունման: Ըստ մասնագետների՝  կան թմրամիջոցներ,  որոնք մեկ անգամ օգտագործելուց  ոչ միայն կախվածություն են առաջացնում, այլև կարող են պատճառ դառնալ հոգեկան լուրջ խանգարումների:  Խոսքը հատկապես կաննաբիսային թմրամիջոցների մասին է,  որոնք ՀՀ-ում համարվում են ամենահաճախ չարաշահվող արգելված նյութերը: Նշենք, որ Հայաստանում համացանցով թմրանյութերի վաճառքը սկսվել է իրականացվել 2015-16 թվականներից։

Մանե Խանդանյան (կամավոր թղթակից)