ԵրևանյանՍփյուռք

Լրացավ հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը

Լրացավ հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը...

Այս տարի լրացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերն սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը

Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց էթնիկ զտման վտանգը կրկին կախված է հայ ժողովրդի գլխին։ Այն նոր դրսևորում է ստանում թուրք-ադրբեջնական հայատյաց քաղաքականության համատեքստում։ Դրա դեմն առնելու գիտակցությամբ են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհվել ու ուղերձներ հնչել։

Ապրիլի 24-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի առաջ և խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին: Եվ սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է՝ օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում, մասնավորապես, նշել է վարչապետը:

Մերի Սողոյան (կամավոր թղթակից).