Սպորտ

Ֆրանսիան ու Արգենտինան եզրափակիչում են

Ֆրանսիան ու Արգենտինան եզրափակիչում են

Ավարտվում է Կատար 2022-ը։ Շուրջ մեկ ամիս աշխարհի լավագույն ֆուտբոլային հավաքականները մեր օրը լցրել էին ֆուտբոլով։ Այս ընթացքում եղան և՛ սենսացիաներ, և՛ անակնկալներ մրցաշարի ֆավորիտներից, մի շարք անվանի խաղացողներ էլ վերջին անգամ մասնակցեցին ֆուտբոլային գլխավոր իրադարձությանը։ Օրեր անց կվիճարկվի Աշխարհի գավաթը։ Եզրափակիչը առավել քան հետաքրքիր է լինելու։

Արգենտինան ընդդեմ Ֆրանսիայի, Մեսսին ընդդեմ Մբապպեի։ Աշխարհի ներկայիս լավագույն ֆուտբոլիստները փորձելու են եզրափակիչում ուրախացնել իրենց երկրպագուներին։ Սակայն, մինչ այդ եկեք հասկանանք, թե ինչի շնորհիվ թիմերը կարող են հաղթել միմյանց։

Ֆրանսիայի հավաքականը մրցաշարի մեկնարկից առաջ կորցրեց հիմնական կազմի մի շարք խաղացողների՝ ի դեմս Բենզեմայի, Պոգբայի, Կանտեի ու Նկունկուի։ Շատերը շտապեցին՝ ասելով, որ Դիդյե Դեշամն այս կազմով դժվար թե հաջողության հասնի, այնինչ նրանք արդեն եզրափակիչում են։ Ֆրանսիան 6 խաղից հետո 13 գոլ է հեղինակել, ինչը լավագույն ցուցանիշն է մրցաշարի բոլոր թիմերի շրջանում։ Նրանց հիմնական շարժիչ ուժը հարձակման գիծն է, որտեղ խաղում են Օլիվիե Ժիրուն, ով արդեն 4 գոլ է հեղինակել, Անտուան Գրիզմանը, Ուսման Դեմբելեն ու Կիլիան Մբապպեն, ով այս Մունդիալին արդեն հասցրել է 5 անգամ տխրեցնել մրցակիցներին։ Այս հարձակման ներուժը Ֆրանսիային հասցրել է մինչև եզրափակիչ։ Կկարողանա՞ն արդյոք երկրորդ Աշխարհի առաջնությունն անընդմեջ դառնալ Աշխարհի չեմպիոն։

Արգենտինայի հավաքականը խմբային փուլի առաջին խաղում անակնկալ պարտություն կրեց Սաուդյան Արաբիայից։ Լիոնել Սկալոնիի թիմը հետագա խաղերում ապացուցեց, որ եկել են Կատար միայն հաղթելու համար։ Արգենտինան հետագա խաղերի ընթացքում միայն հաղթանակներ է տոնել՝ բացառությամբ Նիդեռլանդների դեմ 1/4 եզրափակիչ խաղից, որտեղ Աշխարհի կրկնակի չեմպիոնները 2-0 հաշվով հաղթելուց հետո 2 անգամ գոլ բաց թողեցին՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, այնուհետև՝11 մետրանոց հարվածաշար։ 11 մետրանոց հարվածաշարում Էմիլիանո Մարտինեսի 2 սեյվերը հաղթանակ պարգևեցին Լիոնել Մեսսիին ու խաղընկերներին։ «Ալբիսելեստեն» այս մրցաշարում ունի Լիոնել Մեսսի՝ առանց որի նման արդյունքի, գուցե, չհասներ։ Լիոնել Մեսսիի ներկայությունը խոսում է այն մասին, որ նրանք ֆավորիտ են այս խաղում։ Վերջերս էլ Ոսկե գնդակի յոթակի դափնեկիրը կրկին նշեց, որ սա նրա վերջին Աշխարհի առաջնությունն է, ուստի նրանց հաղթելը շատ հավանական է թվում։

Դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» մարզադաշտում թեժ բախումներ են սպասվում։ 35-ամյա Լիոնել Մեսսին կփորձի հաղթել իր առաջին ու վերջին Աշխարհի գավաթը, իսկ 23-ամյա Կիլիան Մբապպեն՝ երկրորդը։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)