Երևանի կենտրոնում լուսացույցների անսարքությունները շտկվել են
Երևանի կենտրոնում լուսացույցների անսարքությունները շտկվել են
Այսօր Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում անսարքություններ էին նկատվել լուսացույցների աշխատանքներում՝ դժվարություններ ստեղծելով հետիոտների համար։ Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստացանք քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
«Լուսացույցների անսարքությունների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան կազմակերպությունհը սովորաբար ստանում է քաղաքացիների գրավոր կամ բանավոր զանգերի, «թեժ գիծ» հեռախոսահամարի կամ վարչության հեռախոսահամարի միջոցով։ Սպասարկող կազմակերպությունը եռօրյա ժամկետում, կախված անսարքության պատճառներից, վերականգնում է լուսացույցների աշխատանքը։ Լուսացույցների խափանման պատճառները տարբեր են․ հիմնականում տեղի են ունենում հոսանքի անջատումներ, որոնք խոչընդոտում են լուսացույցների բնականոն աշխատանքը։ Կախված եղանակային պայմաններից, ինչպես նաև հոսանքի տատանումներից՝ տեղի է ունենում հեռակառավարվող ազդանշանային սարքի (ուկա) խափանում։ Էլեկտրոնիկայի կամ մեխանիկական մասերի խափանումները ևս կարող են ազդել լուսացույցների աշխատանքի վրա։ Ճանապարհատրանսպորտային պատահարները կամ չնախատեսված առարկաների հարվածը, նույնպես կարող են վնասել լուսացույցը, որի վերականգնումը կպահանջի ավելի երկար ժամանակ։
«Հետիոտնի կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցների խափանման հիմնական պատճառն էլ կանչի կոճակների վնասումն է»։
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ լուսացույցների տվյալ հատվածի խափանման պատճառը եղել է էլեկտրականության անջատումը, որի պատճառով վնասվել է սարքի կարևոր դիոդներից մեկը։
Լուսացույցների աշխատանքը այժմ կարգավորվել է։
Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)