Երևանի քաղաքապետարանը առաջարկել է Կասկադ համալիրի արդիականացման երկու ծրագիր
Երևանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» կայքում հրապարակել է Կասկադ համալիրի արդիականացման երկու ծրագիր՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։
Առաջին ծրագիրը նախատեսում է կենտրոնով անցնող աստիճաններով և շարժասանդուղքներով ճանապարհը կապել Հայաստանի կարևոր խորհրդանիշներին․
«Թանգարանի բացօթյա հարթակները հնարավորություն են ստեղծելու ունենալ դիտակետեր, որտեղից բացվելու են տեսարաններ դեպի Երևան քաղաքը, Արարատ լեռը, Մայր Հայաստանի արձանը և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը։
Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ և շատ այլ հանրային տարածքներ»։
Երկրորդ ծրագիրը նախատեսում է կառուցել տեռասների շարք և վերականգնել համալիրի շրջակայքում եղած անտառները։
«Նախագիծը կազմված է հանրային անցումներից՝ լրացված տեռասներով, սրճարաններով և ռեստորաններով, որոնք էլ ստեղծելու են աշխույժ մթնոլորտ: Կենտրոնական հատվածում նախատեսվում է 1000 նստելատեղով համերգային և երաժշտական սրահ:
Այս նախագծի առանձնահատկություններից մեկը ժամանակակից արվեստի նոր կենտրոնն է՝ քաղաքին նայող իր ընդարձակ տեռասներով, որոնք լայն հնարավորություններ են բացում գեղարվեստական և մշակութային փոխանակման համար»։
Սակայն Երևանի քաղաքապետարանը քվեարկելու հնարավորություն է տվել միայն Երևանի գրանցում ունեցող քաղաքացիներին, ինչը նոր դժգոհությունների պատճառ է դարձել։