Քաղաքական

Ադրբեջանը սկսել է Արցախի քարտեզների վրա արհեստականորեն մզկիթներ ավելացնել

Ադրբեջանը սկսել է Արցախի քարտեզների վրա արհեստականորեն մզկիթներ ավելացնել

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքում նշված է, որ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը։ Արբանյակային քարտեզների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մզկիթները հիմնականում ավելացել են Հադրութի շրջանի գյուղերում՝ Թաղասեռ (G2C6+MFP Ağqala Məscidi, Taghaser), Վարդաշատ (GXCX+VW Edişə Məscidi, Edisha), Կամրակուճ (G2RF+CM Girmizigaya Mosque, Girmizigaya), Սարինշեն (GX7J+RHX Həzrəti Əbu-Bəkr Məscidi, Shahyeri), Ծամձոր (FXX8+MM Dərəkənd Məscidi, Dərəkənd Ծամձոր), Տող (HXP7+WR Tuğ Kənd Məscidi, Tugh Տող)։ Արբանյակային լուսանկարներում կարող ենք տեսնել, որ մզկիթի գոյության մասին տեղանշան է հայտնվել նաև Ասկերան քաղաքի գերեզմանատան մոտ (WRVG+FQ Əsgəran Məscidi, Asgaran)։

Google Earth-ում եղած տվյալների համաձայն՝ մզկիթների պատկերները խոշորացնելու դեպքում երևում են կամայական շինություններ, տներ, ազատ տարածքներ։ Այստեղ անջատված է նաև Google Earth-ի այն գործիքը, որի միջոցով կարելի է շրջել փողոցներով։ 

Ուշագրավ է, որ որպես թիրախ ընտրվել է Հադրութի շրջանը, որի գյուղերի մեծագույն մասը եղել է հայկական, ունեցել է հայ բնակչություն և նրանցում իսլամական աղոթատներ երբեք չեն եղել:

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)