Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոցը նշում է 100-ամյակը
2022 թ․ Երևանի սրտում շարունակում է գործել 100 տարի առաջ իր ճանապարհը սկսած դպրոցը։ Հոբելյանական տարում նախանշված միջոցառումներից էր նոյեմբերի 30-ին դպրոցի մուտքի պատին տեղադրված հուշատախտակի բացումը։ Դպրոցի ջանքերով տեղադրված հուշատախտակը հեղինակել է դպրոցի ծնողական համայնքի անդամ, քանդակագործ Դավիթ Բադալյանը։ Հանդիսավոր միջոցառման մեկնարկը տրվեց տնօրեն Արմենուհի Զուռնաչյանի բացման խոսքով։ Շնորհավորական խոսք ասացին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ղեկավար Մարգարիտ Խաչատրյանը, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության Կենտրոնական Վարչության անդամ Արտաշես Շահբազյանը։
Գրականագետ Սամվել Մուրադյանն իր խոսքում պատմական ակնարկ կատարեց Լևոնի Շանթի կենսագրության առանձին հարցերի շուրջ։ Ինչպես իր խոսքում նշեց անվանի գրականագետ Մուրադյանը․«Լևոն Շանթի անվան Գորկու դպրոցը դիմավորեց իր հարյուրամյակը»։ Ներկաների թվում էին դպրոցի հարևան ությամբ գտնվող Մայր բուհի պատվիրակները, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, անվանի շրջանավարտներ, ուսուցչական և ծնողական համայնքների ներկայացուցիչներ, աշակերտներ։ Ինչպես տեղեկացանք հոբելյանական միջոցառումները շարունակվելու են։