Տնտեսական

Միջքաղաքային նոր ավտոբուսներ Երևանում

Միջքաղաքային նոր ավտոբուսներ Երևանում

«211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները արդեն Երևանում են: Այս պահին մեր նոր կառուցված դեպոյում են և սպասում են իրենց շահագործմանը։ Բոլոր ավտոբուսները համապատասխանում են եվրոհիքս ստանդարտին և համալրված են CNG շարժիչներով»,- այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ ավտոբուսները աշխատում են բնական գազով, ինչը առավել շահավետ է թե՛ էկոլոգիայի պահպանման, թե՛ ֆինանսների տնտեսման առումով։
Քաղաքապետը անձամբ ներկայացնելով ավտոբուսները՝ նշեց, որ դրանք նախատեսված են 22 նստած և 38 կանգնած ուղևորների համար։ Հարմար են և՛ մանկասայլակով երթևեկության, և՛ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Սրահում կա դեղատուփ, պատուհանների մոտ կան մուրճիկներ, որոնք նախատեսված են վթարների ժամանակ ապակին կոտրելու ու դուրս գալու համար։ Բոլոր ավտոբուսներում կան 6-ական տեսախցիկներ։

Խոսելով վճարման համակարգից՝ Երևանի քաղաքապետը հայտնեց, որ ավտոբուսներում գործում են և՛ կանխիկ, և՛ քարտային վճարման համակարգեր։ Նա նաև նշեց, որ նախատեսում են վճարման նման համակարգեր կտեղադրել Երևանում գործող բոլոր ավտոբուսներում և մետրոպոլիտենում։
«Ուզում եմ նշել, որ այս ավտոբուսները գնվել են Երևան համայնքի միջոցներով, այսինքն՝ բոլոր երևանցիների միջոցներով և պատկանում են մեզ բոլորիս», — ամփոփելով իր խոսքը՝ քաղաքապետը խնդրեց խնամքով վերաբերվել նոր գույքին։
Հիշեցնենք, որ ավտոբուսները Երևանում են գտնվում այս տարվա հոկտեմբերի 12-ից։