Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը հեռացավ պետնախարարի պաշտոնից

Ռուբեն Վարդանյանը հեռացա՞վ պետնախարարի պաշտոնից

Փետրվարի 23-ին հաստատվեց այն, ինչը վերջին օրերին համացանցում արդեն իսկ «տեղեկատվական սփռում»ի միջոցով ակտիվորեն քննարկվում էր։ Ռուբեն Վարդանյանը հեռանում է Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնից։ Անթաքույց դիտարկվում էին տարբեր թեզեր։ Հիմնականը՝ ո՞ւմ կամ ո՞ր շահագրգիռ կողմի/երի «աջակցությամբ» եղավ «հեռանում է՝ համաձայն նախագահի հրամանի» գործողությունը։ Առաջին իսկ օրերից էլ ակնհայտ էր, որ Վարդանյանի՝ մի մարդու, ով այդքան էլ անհայտ չէր թե՛ ռուսական, թե՛ արևմտյան ակտիվ տնտեսա-քաղաքական շրջանակներում, Արցախում նման կարգավիճակով հանդես գալը չէր կարող առնվազն պատահականության դրսևորում լինել։ Ուստի, նույն տրամաբանությունը ևս հուշում է, որ փետրվարի 23-ի որոշումը ևս նույն դրսևորման արդյունք չէ։ Այն, որ բոլոր «մարգարեությունները» առ այն, թե ո՞վ կամ ովքե՞ր նպաստեցին հեռանալու գործընթացին, ինչո՞ւ ընդունեց հեռանալու որոշումը ու նմանօրինակ հարցերը, այսօր միայն գոնե հասարակության լայն շրջանակաների համար դատարկ ու աննպատակ գուշակությունների հետևանք են դառնում, արդեն փաստ է։ Որոշումը կայացվել է և վերջ։ Հստակ է դառնում, այն էլ որ երրորդ անգամ, որ Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացներում հանդես եկող դերակատարների առավել ազդեցիկ կողմը, համենայն դեպս վերջին ամիսների զարգացումների ֆոնին, գնում է նման որոշման ճանապարհով՝ ունենալով իր տեսլականը։ Մեր հայրենիքի երկու հանրապետությունների բարձր ղեկավարությունն, առնվազն այդ տեսլականի մասով, չունի հակառակվելու հստակ դիրքորոշում։ Շարունակելով ներքաշված մնալ մեծ խաղի ենթածրագրերից մեկում՝ մենք կրկին գնում ենք փոխզիջումների։ Անշուշտ, ժամանակը ցույց կտա, թե որքանով արդարացված են այդ փոխզիջումները և որքանով դրանք կարելի է փոխզիջում անվանել։ Բայց հստակ է մեկ բան․ առանց մեր հավաքական պետական գիտակցության ամրապնդման ու որպես կարող կողմ հանդես գալու դրսևորման՝ նման այլևայլումները հաճախակի բնույթ են կրելու՝ իրենց հետևանքներով հանդերձ։ Իսկ մնացածը ինքը՝ պարոն Վարդանյանը, իրեն հատուկ ակնարկային ոճով, դիտարկում է իր՝ հեռանալու մասով տված հարցազրույցում։