Ֆրանսիայի 200 մտավորականների կոչը․ բացել Արցախի ճանապարհը
Ֆրանսիայի 200 մտավորականների կոչը․ բացել Արցախի ճանապարհը
Ֆրանսիայում ավելի քան 200 մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ ֆրանսիական «Ֆիգարո» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ։ Այն վերաբերում էր Արցախի հայության համերաշխությանը՝ ուշադրություն հրավիրելով արտաքին աշխարհի հետ Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականացնելու վտանգի առկայությանը։ Հոդվածի հեղինակների շարքում են հայտնի դերասաններ Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Կարոլ Բուկեն, Վիրժինի Լըդուայենը, աշխարհահռչակ կինոռեժիսորներ Կոստա-Գավրասը և Կլոդ Լելուշը, հանրահայտ գրողներ Սիլվեն Տեսոնը, Ալեքսանդր Ժարդենը, Ժիլբեր Սինուեն, Մարկ Դյուգենը, ականավոր փիլիսոփաներ Պասկալ Բրյուքներն ու Միշել Օնֆրեն, հանրահայտ հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը, հեռուստամեկնաբան Պասկալ Լեժիտիմուսը, Ֆրանսիայի Ակադեմիայի մի շարք անդամներ և այլք։ «Հարկավոր է փրկել 120 հազար արցախահայերին» հոդվածը հասանելի է այստեղ։
Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։
«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՓՐԿԵԼ 120 000 ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ — Սուրբ Ծննդյան այս օրերին ֆրանսիացի 200 հանրահայտ մտավորականներն ու արվեստի գործիչները համախմբվում են ի սատար Արցախի 120 հազար հայերի, որոնց Ադրբեջանի կողմից էթնիկ զտում է սպառնում։ Այս երեկո, երբ մեզանից շատերը միանալու են իրենց ընտանիքներին ու հարազատներին՝ միասին հրճվանքով տոնելու համար Ընտանիքի խորհուրդը՝ անկախ կրոնական մեր պատկանելությունից, երբ մեզնից շատերը մի պահ կմտածեն բոլոր նրանց մասին աշխարհում, ովքեր միայնակ են կամ տառապանքի մեջ, հիշենք Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնց արդեն 2 շաբաթ է, ինչ Ադրբեջանը կտրել է աշխարհից: Այն պահին, երբ մեր երեխաները կբացեն իրենց նվերները, Լեռնային Ղարաբաղի 30 հազար երեխաների ծնողները մի բան կերազեն միայն, որ բարձր այս լեռներում, որտեղ սրանից երկու հազար տարի առաջ ծնվել են իրենց նախնիները, իրենց երեխաներն ապրեն, ապագա ունենան ու դանդաղ շնչահեղձ չլինեն: 2020 թվականին այնքա՜ն կյանքեր կոտրած պատերազմից, ֆոսֆորային ռումբերից, խոշտանգումներից հետո ադրբեջանական բռնակալությունն այս անգամ նոր այլանդակ կտտանք է հնարել՝ փակել Լաչինի միջանցքը, որը Արցախի հայերի միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ: Ընտանիքներ են բաժանված, առաջին անհրաժեշտության ապրանքնեի պակասն ավելանում է օրեցօր, անհնար է դարձել բժշկական անհրաժեշտ շտապօգնությունը, ինչի պատճառով մեկ անձ արդեն մահացել է, և շատ հիվանդների՝ այդ թվում նաև երեխաների, կյանքը վտանգված է: Մենք հիանում ենք արժանապատվությամբ լի այս մարդկանց խիզախությամբ, որոնք փոխանակ խուճապին տրվելու՝ կազմակերպվում են և դիմադրում: Նրանք դիմադրում են և կդիմադրեն մինչև վերջ: Սակայն նրանք մեզ են ապավինում, և մենք չենք կարող խուլ մնալ նրանց կանչին: 2022 թվականի Սուրբ Ծննդյան այս տոնը տարակուսելի է: Մենք տոնում ենք աղքատության՝ ծղոտե շապիկ հագած մի թագավորի ծնունդը, որն աշխարհ եկավ՝ մարդկությանն իր լույսի ջերմությունը բերելու համար: Եվ հենց այս օրն է, որ դիտմամբ ընտրել է նավթի ու տնտեսական աճի բռնակալը՝ ընկղմելու համար ողջ մի բնակչություն խավարի ու ցրտի մեջ: Ի՞նչ ապագա կթողնենք մենք մեր երեխաներին, եթե արդարացնենք բռնակալությունը և բարբարոսությունը մեր ամենահին քաղաքակրթություններից մեկի հանդեպ, մեզ հետ դարերով կապված մեր եղբայր ժողովուրդներից մեկի, կամուրջ հանդիսացող մի ժողովրդի դեմ, որն անհիշելի ժամանակներից նպաստում է տարբեր մշակույթների միջև երկխոսությանը: Ի՞նչ կմտածեն մեր երեխաները, ի՞նչ արժեքների վրա նրանք կկայանան իբրև մարդ, եթե մենք թույլ տանք, որ անասելին կրկնվի: Այո՜ կրկնվի: Անտարբերությունն ու պլատոնական բողոքները թույլ են տալիս այսօրվա ագրեսորներին իրենց անամոթաբար համարել 1915 թ-ի դահիճների հետնորդն ու ժառանգը և նույն գործելաոճը որդեգրել՝ ոչնչացնելու մի ժողովուրդ, ում նրանք ատում են, որովհետև այդ ժողովուրդը մեզ է նման: Արդյոք ուրեմն մեր ցանկությունը, որ երբեք 20-րդ դարի ատելի սարսափները չկրկնվեն մեր դարում, սոսկ միայն ցանկություն էր: Արդյոք ուրեմն այս աշխարհում էլի հաղթում են չարերը, քանի որ նրանք իրենց հարևաններին վաճառելիք և մատակարարելիք բարիքներ ունեն: Հայոց ոգին ապրում է ռոմանական արվեստի մեր գլուխգործոցներում, մինչև Արևելքի սահմաններ ճառագող մեր մշակույթում, Լուսավորության դարաշրջանի մեր փիլիսոփաների մտքում, ռոմանտիկ պոեզիայում, արդարության համար մղած մեր պայքարներում, ակորդեոնի մեր մեղեդիներում և կակաչների փնջերում, որ միգուցե այս երեկո մենք կնվիրենք մեկին: Հիշենք, վերջապես, որ եթե մենք գիտենք, թե ինչ բան է Սուրբ Ծնունդը, ապա դա նաև շնորհիվ հայերի է, որ 5-րդ դարում մեզ ուխտագնացներ են ուղարկել, համեմունքով հաց, որ ամենայն հավանականությամբ մեր տոնական սեղանին կլինի, և Մանուկ Քրիստոսին տեսության եկած թագավորների անունը: Հիշենք ու, ամենակարևորը, համախմբվենք: Մեր համատեղ խղճով, մեր միավորված ձայներով, բոլոր եղանակներով, որ հասանելի են յուրաքանչյուրիս, պայքարենք ընդդեմ ողբերգության, որն արդեն ընթացքում է: Մենք կարող ենք փրկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին»։
Մանե Խանդանյան (կամավոր թղթակից)