Պահանջը մեկն է՝ հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը
Պահանջը մեկն է՝ հրապարակել ստորագրվելիք փաստաթուղթը
Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևանի Արշակունյաց, Տիգրան Մեծի, Մյասնիկյան, Բաղրամյան պողոտաները, Հաղթանակի կամուրջը։ «Ազատագրական շարժում» անունը կրող ակցիայի մասնակիցները հավաստիացնում էին, որ «Սա հակաքաղաքական, հակակուսակցական , վերազգային շարժում է»։ Կաթվածահար երթևեկության 44 րոպեն ակտիվիստները բնութագրեցին որպես «44 րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի հերոսներին»։
Ակցիայի հիմնական պահանջներն էին.
Կանխել սահմանագծման և սահմանազատման ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։
Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն։
Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:
Ակցիայի ընթացքում ակտիվիստները հանրությանը իրազեկեցին նաև 17։00-ին կայանալիք հանրահավաքի մասին։ Այդ ընթացքում ոստիկանության աշխատակիցները բերման ենթարկեցին ցույցի 18 մասնակիցներին, որոնք, մի քանի ժամ մնալով բաժանմունքում, ազատ արձակվեցին։
Ժամը 17։00-ին կայացավ հանրահավաքը, որը տևեց մոտ 2 ժամ։ Ելույթ ունեցան հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, քաղաքագետ Վազգեն Պետրոսյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, «5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը, Սոֆյա Հովսեփյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը։ Վերջիններս խոսեցին սահմանազատման, սահմանագծման հնարավոր վտանգներից. «Միասնությունն է, որ մեզ պետք է փրկի։ Ժողովո՛ւրդ, ամենագործածական քայլը միասնական լինելն է, ապացուցելը ամբողջ աշխարհին, որ մենք մեր երկրի տերն ենք։ Հավատացե՛ք, այն, որ ասում են բաժան-բաժան ենք, սարքովի է, ավելի միասնական պար չկա աշխարհում, քան մեր պարերը։ Մենք միշտ ձեռք ձեռքի ենք տվել, հաղորդակցվել ենք իրար հետ» — իր ելույթում ասաց Արսեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ակցիայի բուն էությունը ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալն է։
Ակցիայի մասնակիցները հանդես եկան իրենց շարժմանը միանալու կոչերով՝ տեղեկացնելով, որ հաջորդ օրը ժամը 17։00-ին կրկին հավաքվելու են Հանրապետության հրապարակում։
Հանրահավաքը, որի նպատակը նաև քաղաքացիներին ակցիայի մասին իրազեկելն էր, խաղաղ երթով ավարտվեց Ֆրանսիական հրապարակում։