Խմբագրական

Ներածական

Ներածական
Բարև, հարգելի՛ բարեկամ։
Ձեզ ենք ներկայացնում «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի առաջին մեդիա նախագիծը՝ www.ditarkum.info լրատվական և գիտավերլուծական կայքը։ Այն բաց է լինելու կառուցողական և մասնագիտական հրապարակումների համար։ Ձգտելու ենք ընկալելի և անաչառ լրատվության կողքին ներկայացնել գիտավերլուծական նոր հրապարակումներ։ Իսկ ինչո՞ւ հենց հիմա։ 2021 թվականի ապրիլին մեր իրականության մեջ ի հայտ եկավ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամը։ Հայաստանի և Սփյուռքի ազգային արժեքներ կրող մի խումբ հայրենակիցների համատեղ ջանքերի շնորհիվ գործող հիմնադրամը մարդասիրական առաքելության համատեքստում խիստ կարևորելով հայրենիքում կրթության և գիտության որակի բարձրացմանն ուղղված քայլերը՝ առանձին ուղղություններով սկսեց իրականացնել թիրախային ծրագրեր։ Այս հարթության մեջ ուրույն տեղ զբաղեցրեց Հայաստանում ուսանող և կրթական բարձր առաջադիմություն ունեցող ապագա լրագրողների մասնագիտական աճին նպաստող ու սոցիալական աջակցություն ենթադրող «Երիտասարդ լրագրողների դպրոց» կրթագործնական ծրագիրը։ Վերջինիս շրջանավարտներն էլ դարձան մեր առաջին կամավոր թղթակիցները։ Այո, կամավոր թղթակիցները, քանի որ մեր աշխատանքների հիմքում նախ և առաջ ընկած են լինելու նման երիտասարդների հրապարակումները։ Պատճառը պարզ է։ Այս նախագծով մենք ֆինանսական որևէ եկամուտ չենք հետապնդում։ Հակառակը, մենք ջանում ենք հասանելի մասնագիտական հարթակ ստեղծել սկսնակ և ինչու չէ նաև փորձառու լրագրողների, գիտության և կրթության ոլորտներում իրենց առաջին քայլերն անող խոստումնալից մասնագետների և արդեն կայացած մտավորականների համար։ Հետևեք մեր դիտարկումներին․․․

Խմբագրականը ներկայացրեց Մհեր Հովհաննիսյանը։