Քաղաքական

Հայ ռազմագերինե՞ր, թե՞ ահաբեկիչներ

Հայ ռազմագերինե՞ր, թե՞ ահաբեկիչներ

Տիգրան Ամբարդարյանը և ծնողները միայն երկու ամիսը մեկ են կարողանում խոսել եղբոր հետ՝ հեռախոսով կամ տեսաուղերձով։ Ամիսը մեկ անգամ էլ հաջողվում է Կարմիր խաչի միջնորդությամբ նամակ փոխանցել, նամակ ստանալ։ Ահա այսպես են հարազատները կարողանում տեղեկություն ստանալ ու կապ պահպանել Ադրբեջանում գերեվարվածների հետ։

Նրանցից մի քանիսը նստացույց էին սկսել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին, որ իշխանությունն ու միջազգային հանրությունը գործադրեն բոլոր հնարավոր միջոցները՝ ստիպելով Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և դադարեցնել ապօրինի դատական գործընթացները:

Նստացույցը ղեկավարող Տիգրան Ամբարդարյանը, ով գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրն է, անդրադառնալով փաստաբան Հայկ Ալումյանի հայտարարությանը, թե Բաքվում գերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց սկսելու համար Փաստաբանների պալատ պետք է դիմի գերիներից մեկի հարազատը, ասաց․ «Փաստաբանական պալատ չեմ դիմել ու ոչ էլ պատրաստվում եմ դիմել, որովհետև իրավաբանական բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնել։ Մենակ հայտարարություն տարածելը քիչ է, էդտեղ կան հանգամանքներ, որոնք կարող են մեր տղաներին վնասել, դրա համար պետք է ամեն ինչ հաշվարկել, մինչև հայտատարություն տարածելը պետք է քննարկել ծնողների հետ»։

Նստացույցն ավարտվել էր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պայմանով, որն անընդհատ անմիջական կապ պետք է ունենար գերիների հարազատների հետ (հանձնաժողով պետք է ձևավորվեր 25.06.2021թ․-ին)։ Տիգրանն ասաց, որ հանձնաժողովն արդեն սկսել են ձևավորել, կան անդամներ, մասնակի աշխատանքներ են տարվում։

Իրավաբան Էմմա Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանը ու ցանկացած հակամարտող կողմ, ում տարածքում հայտվել են ռազմագերիներ, միջազգային իրավունքին համապատասխան, պարտավոր է նրանց փոխանցել ուրիշ երկրի․ դա կարող է լինել հենց հակառակորդ երկիրը, կամ որևէ երրորդ երկիր։
Ըստ քաղաքագետ Գեղամ Մանուկյանի՝ Ադրբեջանը գերիների վերադարձը հետաձգում է՝ նպատակ ունենալով հնարավորության դեպքում պահանջել նոր տարածքներ կամ իր գերակայությունը ցույց տալ որպես հաղթող երկրի։

Ի՞նչ եղանակով կարելի է ազդել Ադրբեջանի վրա․ «Ազդելու առաջին և թերևս հիմա միակ տարբերակը 3-րդ երկրի տարբերակն է։ Այդ երկրները կարող են լինել թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ը։ Պիտի փորձենք ավելի ամուր կապեր հաստատել, և այդ կապերը օգտագործել հանուն մեր երկրի շահերի»,- ասում է քաղաքագետը։

Ըստ իրավաբան Էմմա Պետրոսյանի՝ կան ազդելու մի քանի ձևեր՝ տնտեսական սանկցիաների կիրառում, հնարավոր է, ասենք, Ադրբեջանին զրկեն ձայնի իրավունքից, միջազգային ինչ-որ կառույցի անդամ լինելուց։ «Չեն կարող գնալ ու Ադրբեջանի սուվերեն պետության տարածքից գերիներին բերել․ պարզապես կարող են ճնշումներ գործադրել, որ Ադրբեջանը ստիպված լինի գերիներին հետ տալ»,- իրավիճակը պարզաբանում է իրավաբանը։

Պետությունները պատասխանատվություն կրելու պարտավորություն ստանում են, երբ վավերացնում են ինչ-որ կոնվենցիա։ Այս դեպքում ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը կարգավորվում է Ժնևյան կոնվենցիայով, և քանի որ Ադրբեջանը սա ստորագրել է՝ ունի պարտավորություն պահպանելու այդ կոնվենցիայով նշված նորմերը։ Սրա նկատմամբ վերահսկողություն կարող են իրականացնել ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն և մի շարք այլ միջազգային կառույցներ, որոնք իրականացնում են մարդասիրական իրավունքի պաշտպանության պարտականություն։

Քաղաքագետը նշեց, որ գերիների նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունքը, որի ապացույցն են զանազան տարածված տեսանյութերը, վկայում են, որ միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ նորմ չի պահվում։ Խոսելով Բաքվում սկսված դատական պրոցեսի մասին՝ ասաց․ «Ադրբեջանն ագրեսոր է, հետևաբար իրենց կողմից մեր 14 տղաների ահաբեկիչ որակավորումը ևս անհիմն է»։

Իրավաբան Էմմա Պետրոսյանը սա մեկնաբանեց երկու տեսանկյունից։ Ադրբեջանը նրանց չի դիտարկում որպես ռազմագերիներ, հետևաբար նրանց նկատմամբ չեն կիրառվում այն իրավական երաշխիքները, որոնք գերիների նկատմամբ են կիրառվում։ «Ըստ Ադրբեջանի՝ այս մարդիկ հանդիսանում են ահաբեկիչներ, քանի որ պատերազմական գործողությունների դադարից հետո են հայտնվել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում․ չնայած սա Ադրբեջանի տեսակետն է։ -Նշեց իրավաբանն ու հավելեց։-Կարելի է նաև մեկնաբանել այլ կերպ․ նրանք գերիներ են, քանի որ եղել են ծառայության մեջ, ունեցել են ռազմական հրահանգներ, եղել են իրենց զինվորական առաջադրանքը կատարելիս ու ոչ թե՝ ահաբեկչական խմբի անդամներ։ Նրանք չեն ունեցել որևէ նպատակ Ադրբեջանում ահաբեկչություն իրականացնելու»։

Հայ փաստաբանների խմբի Ադրբեջան մեկնելն ու այնտեղ հայ ռազմագերիներին փաստաբանական օգնություն տրամադրելը իրավաբանը համարեց հնարավոր տարբերակ․«Անկախ նրանից, թե որ երկրում են գտնվում ու ինչ կարգավիճակում են, յուրաքանչյուր անձ պետք է ունենա իրավաբանական օգնություն ստանալու հնարավորություն, հետևաբար Ադրբեջանը ևս պետք է ապահովի մեր տղաների այս իրավունքը՝ անկախ նրանից, թե նրանց համարում է ռազմագերի, թե՝ տեռորիստ»։ Սակայն կա մեկ այլ խնդիր․ Հայաստանի քաղաքացիների մուտքը Ադրբեջան արդյո՞ք արգելված չէ, ու ՀՀ քաղաքացի փաստաբանը արդյո՞ք կարող է գնալ Ադրբեջան։
Այսպիսով, խնդրի արագ լուծման թերևս միակ տարբերակը պիտի համարենք «ազդեցիկ» երկրների հետ կապերի ամրապնդումը և յուրաքանչյուր հնարավոր լծակի օգտագործումը թե՛ Բաքվում սկսված դատական պրոցեսը կասեցնելու, թե՛ հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք շուտափույթ կազմակերպելու նպատակով։

Էմիլյա Հոսյան (կամավոր թղթակից)