Գիտակրթական

Ուսանողների գիտական ներուժի կիրառման հնարավորությունները Հայաստանում առկա խնդիրների լուծման համատեքստում

Ուսանողների գիտական ներուժի կիրառման հնարավորությունները Հայաստանում առկա խնդիրների լուծման համատեքստում

Կրթության ոլորտն առանցքային և կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Միտքն առավել ևս հատկանշական է Հայաստանի համար, որն ունի սահմանափակ տարածք, սահմանափակ բնական հարստություններ, անբարենպաստ աշխարհագրական դիրք (նկատի ունենք դեպի ծով ելքի բացակայությունը), անբարենպաստ քաղաքական միջավայր (շրջափակվածությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից) և այլն, իսկ նման իրավիճակում մեր երկրին այլ բան չի մնում, քան կրթությանն ապավինելը։ Կրթական ոլորտը մարդկային կապիտալի կուտակման, որակական աճի ապահովման, երկրի տնտեսության երկարաժամկետ զարգացման, ինչպես նաև գիտելիքամետ հասարակության ու գիտելիքի տնտեսության կառուցման հիմնաքարն է։ Այն կարևորագույն նշանակություն ունի երկրի տնտեսության որակական թռիչքի ապահովման, ինչպես նաև հասարակության բարեկեցության բարձրացմամբ սոցիալական անվտանգության բաղադրիչի բարձրացման առումով: Այս փաստն անհերքելի է, և սրա մասին են խոսում բազմաթիվ հետազոտություններ, երկրներ՝ իրենց սեփական փորձով։ Բայց այստեղ շատ կարևոր է այն հարցը, թե ինչպիսի՞ լծակների կիրառմամբ կարող ենք բացահայտել և օգտագործել սեփական երկրում առկա գիտական սերուցքի ներուժը՝ երկրում առկա խնդիրների լուծման տեսանկյունից։

Անցնելով կրթական համակարգ հիշենք, որ որպես կանոն, Հայաստանի բուհերի բակալավրի և մասգիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողներն իրենց կողմից ընտրված թեմաների շրջանականերում կատարում են հետազոտություններ և դրանց հիման վրա գրում են դիպլոմային կամ մագիստրոսական աշխատանքներ։ Ամբողջ գործընթացի ընթացքում յուրաքանչյուր ուսանողի կցվում է գիտական ղեկավար, ով օգնում է հետազոտության ողջ պրոցեսում։ Հետազոտությունը ավարտելուց հետո ուսանողները, ըստ սահմանված կարգի, աշխատանքները ներկայացնում են համապատասխան մարմնին, այնուհետև տեղի է ունենում հետազոտությունների վերաբերյալ պաշտպանություն, որի ժամանակ ուսանողները գնահատվում են՝ ըստ իրենց կատարած հետազոտությունների արդյունքների։ Այստեղ հարց է առաջանում իսկ․ ի՞նչ են արվում այդ հետազոտական աշխատանքները պաշտպանության ավարտից հետո։ Պատասխանը հստակ է․ ավարտական աշխատանքները պաշտպանությունից հետո, անկախ իրենց գիտական արժեքից, Հայաստանի կրթական, սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում առկա խնդրի լուծման տեսանկյունից որպես եղանակ չեն դիտարկվում և շատ հաճախ մնում են թղթի վրա։ Այդ դեպքում ինչի՞ համար են կատարվում այդ հետազոտությունները, ինչպե՞ս կարող ենք ուսանողներին խրախուսել առավել «լուրջ» մոտենալ նմանօրինակ հետազոտություններին, կամ եթե ուսանողների կողմից կատարված հետազոտությունները իսկապես ունեն գիտական արժեք,  ինչպե՞ս կարող ենք դա հասցնել համապատասխան մարմիններին, և ի՞նչ մեխանիզմով այդ հետազոտությունների արդյունքները կարող են դիտարկվել որպես խնդիրների լուծման եղանակներ։ Հարցերի շարան, որը շատ հաճախ մնում է անպատասխան։

Խնդիրների լուծման համար առաջարկում ենք հետևյալ մեխանիզմը։ Ավարտական աշխատանքների պաշտպանության համար ձևավորվող հանձնաժողովները պետք է սկսեն առավել հետևողական կերպով ուսումնասիրել ուսանողների կողմից կատարված հետազոտական աշխատանքները։ Այն ուսանողները, որոնց աշխատանքները, ըստ հանձնաժողովի անդամների գնահատականի, ուղղված կլինեն երկրում առկա որևէ ոլորտային խնդրի լուծմանը և կունենան գիտական արժեք՝ կխրախուսվեն։ Կախված հետազոտության գիտական արժեքի մեծությունից, խրախուսումները կարող են լինել տարբեր․ օրինակ ուսանողին կարող է տրվել հնարավորություն հետագա կրթությունը շարունակելու դեպքում օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից։

Խրախուսումներից բացի, շատ կարևոր է ուսանողի կատարած հետազոտության արդյունքը կիրառել  Հայաստանում առկա խնդիրներ լուծման տեսանկյունից։ Դրան հասնելու համար գիտական հաստատությունը պետք է կարողանա ամուր կապ ստեղծել ուսանողի և այն ոլորտի պատասխանատուի միջև, որի շրջանակներում ուսանողը կատարել է իր հետազոտությունները։ Կապը ապահովելուց բացի համալսարանի կողմից ուսանողների հետազոտություներնը պետք է ուղարկվեն համապատասխան պետական ստորաբաժանումների դիտարկմանը, և դրական եզրակացություն ստանալու դեպքում  ուսանողները կկարողանան ներգարվվել հետագա հետազոտական աշխատանքներում։ Օրինակ, եթե ուսանողի հետազոտական աշխատաքը վերաբերում է ԱՊՊԱ ոլորտի բարեփոխումներին և հանձնաժողովի գնահատմամբ այն էական դեր կունենա ապահովագության ոլորտում խնդիրների լուծման տեսանկյունից, այդ հետազոտությունը կարող է ուղարկվել Ավտոապահովագրողների Բյուրո կամ Կենտրոնական բանկ՝ ըստ թեմայի ուղղվածության։ Բյուրոյի կամ Կենտրոնական բանկի դրական եզրակացության դեպքում ուսանողին կարող են ներգրավել հետագա հետազոտական աշխատանքներում։ Այս գործընթացը խթան կհանդիսանա երիտասարդ ուսանողների համար՝ շարունակել կրթությունը և խորը կերպով ներգրավվել գիտության մեջ, կատարել հետազոտություններ և ստեղծել գիտական արդյունք՝ իրենց հետաքրքրող թեմաների շրջանակներում։

Հաջորդ հարցը, որի մասին ցանկանում ենք խոսել, գիտության ոլորտում առկա հնարավորությունների մասին ուսանողության շրջանում թերի բարձրաձայնելն է։ Կատարելով ուսումանսիրություններ՝ վերջին տարիների հրապարակված հոդվածների շրջանակներում, որոնք մասնավորապես վերաբերում են գիտությանը, Հայաստանում գիտական ոլորտի ներկա վիճակին, ակնառու է այն փաստը, որ մենք առավել շատ խոսում ենք համակարգի թերությունների ու բացասական երևույթների մասին, քան հնարավորությունների և առավելությունների։ Անկախությունից հետո 30 տարիների ընթացքում հստակ է մի բան․ թերությունները անվերջ շեշտելով դրական տեղաշարժեր չենք գրանցում, ավելին՝ երիտասարդ սերնդի մեջ հիասթափության հատիկներ ենք սերմանում և նվազեցնում ենք հետաքրքությունը գիտության հանդեպ։ Ինչպես ասում էր Անատոլի Գին ՝«Տվեք երեխային հետաքրքրասիրություն: Գիտելիքը նա ինքը կգտնի»: Այնպես որ, ժամանակն է խոսելու գիտության հնարավորությունների և այն լծակների մասին, որոնք երիտասարդների համար կարող են դառնալ մասնագիտական աճի գրավական։

Ի վերջո, ընդհանրացնելով հոդվածը, կարող ենք ասել, որ գիտության ասպարեզը պետք է դառնա ռազմավարական, որով կշահի և՛ պետությունը, և՛ գիտությունը։ Մենք շատ լուրջ պոտենցիալ ունենք մեր առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու համար․ մնում է միայն լրջորեն զբաղվել գիտությամբ։

Վերլուծական հոդվածի հեղինակ՝ Լուսինե Ղազարյան