Նոր սկանդալ՝ հայկական ֆուտբոլում
Նոր սկանդալ՝ հայկական ֆուտբոլում
Հայկական ֆուտբոլը 2023 թվականը իրադարձային է սկսել։ Տարվա սկզբին պաշտոնապես հայտարարվեց ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի՝ Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին։ Ակտիվորեն սկսեց քննարկվել նրա մարզչական լավ կամ վատ որակների, մեր հավաքականի հետ հավանական հաջողություն գրանցելու-չգրանցելու, առաջիկա՝ Հայաստան-Թուրքիա հանդիպմանը «ծանոթ» լինելու մասին։ Օրեր առաջ էլ ֆուտբոլի կանանց Հայաստանի հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ գրելով․
«Հարգելի ընկերներ, միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները Հայաստանի Կանանց ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից։ Այն, ինչ մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ։ Բոլոր իմ խաղընկերներին, ովքեր շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում, մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»։
Ի պատասխան «Ժիլստրոյ-2» ակումբի 27-ամյա կիսապաշտպանի հայտարարությանը՝ ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը Vnews կայքին տված հարցազրույցում ասել է, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի պատրաստվում մեկնաբանել կանանց ազգային հավաքական երբևէ հրավիրված որևէ ֆուտբոլիստուհու կամ թեկնածուի՝ իրականությանը չհամապատասխանող որևէ հայտարարություն»։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)