ՍպորտՔաղաքական

Հայ մարզիկների անդրադարձը գլխավոր խնդրին

Հայ մարզիկների անդրադարձը գլխավոր խնդրին

Արդեն 55 օր է՝ ադրբեջանցի «բնապահպան էկոակտիվիստները» փակել են Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը։ Շուրջ 120․000 հայեր շրջափակման մեջ են։ Այս օրերի ընթացքում մի շարք հայ անվանի մարզիկներ իրենց աջակցությունը հայտնեցին ու փորձեցին աշխարհին ի ցույց դնել այս օրերին Արցախում կատարվելիքը։

Մեր մարզիկների գրառումներն ու քայլերը ոչ միայն ոգեշնչեցին մեզ՝ հայերիս, այլև դրանք հերթական հիստերիան առաջացրին մեր հարևանների մեջ։ Հատկապես Կարեն Խաչանովի քայլերն ու գրառումները միլիոնավոր մարդկանց հավաքեցին այս կարևորագույն խնդրի շուրջ։ Սա նրանց համար առիթ էր՝ կրկին անհիմն մեղադրելու մեր մարզիկներին ու ստիպելու պատժել դրանց։

Աշխարհի արդեն 13-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Australian Open-ի երրորդ շրջանում հաղթելուց հետո տեսախցիկին գրառում արեց՝ նշելով «Ուժեղ մնա, Արցախ»։ Այնուհետև չորրորդ շրջանում հաղթելուց հետո Խաչանովը տեսախցիկին կրկին ուղերձ գրեց․ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Արցախ, ուժեղ մնա»։ Այս մրցաշարը բացառիկ էր թենիսիստի համար այն առումով, որ նա «Մեծ սաղավարտի» երկրորդ մրցաշարն անընդմեջ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ։ Բացի այդ՝ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (FTA) պահանջեց պատժել Կարեն Խաչանովին՝ տեսախցիկներին նման գրառումներ անելու համար։ «Թենիսում տեսախցիկի վրայի գրությունները յուրահատուկ ավանդույթ են, սակայն Խաչանովը դրանք չարաշահել է ու օգտագործել իր կեղտոտ նպատակների համար: Ադրբեջանի ֆեդերացիան Միջազգային ֆեդերացիային ուղարկել է նամակ, որում արտահայտված են մեր երկրի դեմ ուղղված փաստեր ու իրավաբանական փաստաթղթեր: Պահանջում ենք որոշիչ պատժամիջոցներ կիրառել Խաչանովի նկատմամբ, որպեսզի նմանատիպ իրավիճակ այլևս չլինի»,- գրված է Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի հայտարարության մեջ:

Սակայն, ինչպես տեսնում ենք, Կարեն Խաչանովի հանդեպ որևէ պատիժ չկա։ Թենիսիստն ինքը ևս մեկ գրառում կատարեց՝ կրկին հիշեցնելով, որ «Ես բազմիցս ասել եմ, որ հարգում և գնահատում եմ իմ արմատները։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ներկայացնում եմ Ռուսաստանը, բայց հայրական և մորս կողմից հայի արյուն ունեմ։ Ես ուզում էի ինչ-որ կերպ աջակցել, տալ նրանց հավատ, ուժ»։ 

Կարևորագույն ու հասցեական քայլով աչքի ընկավ նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ակումբին տված հարցազրույցի ընթացքում 34-ամյա ֆուտբոլիստը պատմել է իր և Հայաստանի մասին նաև նկարել է Հայաստանի քարտեզը՝ ներառելով Արցախը։ Սա ևս հիստերիայի առիթ դարձավ ադրբեջանական մամուլում և ոչ միայն։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՈւԵՖԱ-ին և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Հենրիխ Մխիթարյանի վերջին հարցազրույցի պատճառով։

Հունվարի 15-ին հրապարակած հարցազրույցից հետո ոչ մի պատժամիջոց, անգամ հայտարարություն չկա ՈւԵՖԱ-ի կամ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Մի շարք անվանի մարզիկներ ևս գրառումներ են կատարել Արցախի դեպքերով պայմանավորված․ շախմատիստ Լևոն Արոնյանից մինչև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան, ֆլեմոբներ կազմակերպեցին արցախցի 700 կարատեիստներ Ստեփանակարետի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, մի շարք հայ ֆուտբոլիստներ ու բասկետբոլիստներ, ըմբշամարտիկներ ու ծանրամարտիկներ։ 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)