ԵՒ

Մեդիափորձագետները արձագանքել են նոր զեղծարարությանը

Մեդիափորձագետները արձագանքել են նոր զեղծարարությանը

Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական տարբեր հարթակներում մարդիկ խոսում են նոր զեղծարարության մասին։ Ինչ-որ անձինք զանգահարում են քաղաքային հեռախոսներին և հայտնում ինչ-որ դժբախտ պատահարի մասին։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ դրանց վերջնական նպատակը գումար աշխատելն է․

«Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ, 1 ամիս առաջ էդ մասին խոսել էի, բայց այդ ժամանակ դեռ տարածումն այդքան մեծ չէր։ Խոսքը հիստերիկ զանգերի մասին է։ Ռուսերեն են խոսում, զանգում, գոռգռում են՝ իբր թոռնիկն է զանգում, աղջիկը կամ տղան, որ վթարի մեջ ա ընկել, ինքն ա խփել կամ իրեն են խփել։ Կարճ ասած, սցենարները նույնն են, ուզում են, որ շտապ փող փոխանցեն, և իրականում կան մարդիկ, որ լավ չեն հասկանում և գումարը փոխանցում են, բայց այստեղ խնդիրն ավելի շատ նրանում է, որ զանգում են քաղաքային հեռախոսով՝ էն հույսով, որ տան մեծահասակը կվերցնի»։

Մեդիափորձագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ նման մանիպուլացիաներից, խուճապի մատնվելու փոխարեն փորձել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ և փորձել նրանցից ինչ-որ բան իմանալ։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)