Ավարտվել են Հանրային ռադիոյի ղեկավարի ընտրությունները
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության համար իրականացված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմեն Քոլոյանը։ Նա ստացել է 5 ձայն։ Նազելի Օհանյանը ստացել է մեկ ձայն։
Մնացած թեկնածուները և նախկին ղեկավար Գարեգին Խումարյանը ստացել են 0 ձայն։
Վերջինս մտադիր է բողոքարկել մրցույթի արդյունքները։ Նա իր ֆեյսբուքյան էջում խոսել է ընտրությունների մասին՝ դրանք անվանելով «վարչաիրավական աճպարարության հետևանք»․
«Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։ Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։ Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված»։