Տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ
Տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ
Այսօր Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում գտնվող ձուլարաններից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո տեղում քննություն է արվել։ Տեսչական մարմնից հայտնում են, որ ձուլարանը ապօրինի է շահագործվել։
«Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16։50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը ս․ թ․ մարտի 11-ին դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ ՀՀ Կոտայքի մարզի, Հրազդանի համայնքի, քաղաք Հրազդանի Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից 08․04․2024 թ․ օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ առկա են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ և որոնցից ամենակարևորն է, որ վերակառուցված օբյեկտը հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ) ստուգման պահին գրանցված չի եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, չի անցել ամենամյա փորձաքննություն և չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև օբյեկտում բացակայել է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։
Հաշվի առնելով արձանագրված թերությունները Տեսչական մարմնի կողմից 08․04․2024 թվականին տրվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։
Այնուհետև՝ 15․05․2024 թ․ ընկերությունը դիմել է Տեսչական մարմին՝ նախկինում արձանագրված թերությունները վերացնելու հիմքով օբյեկտում կրկին ուսումնասիրություններ իրականացնելու և շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու խնդրանքով։ Արդյունքում օբյեկտում իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները ընկերության կողմից չեն վերացվել, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից կրկին տրվել է օբյեկտի շահագործման մերժման եզրակացություն»։
Այսինքն՝ Տեսչական մարմինը արգելել է ձուլարանի շահագործումը երկու անգամ, սակայն այն, այնուամենայնիվ, շահագործվել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)