Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում
Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում
Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ 14-ամյա աշակերտը կիսաավտոմատ հրացանով կրակ է բացել դպրոցում։ Միջադեպի արդյունքում 2 աշակերտ և 2 ուսուցիչ են մահացել, ևս 9 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում։ 14-ամյա կասկածյալ Քոլթ Գրեյին վնասազերծել են դպրոցի ոստիկանները։
Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նրան կդատեն՝ որպես չափահասի։ Միջադեպի շարժառիթների մասին տեղեկություններ չկան։ Սակայն լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ նա դեռ 1 տարի առաջ սպառնալիքներ էր հնչեցրել դպրոցում հրաձգություն իրականացնելու մասին։ Դրանից հետո նա հարցաքնվել է, սակայն լուրջ փաստեր չեն եղել նրան ձերբակալելու համար։
ԱՄՆ-ն դպրոցներում հրաձգության ցուցանիշներով շարունակում է առաջատար մնալ։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ 2024 թվականի սկզբից մինչև այսօր ԱՄՆ-ում տեղի է ունեցել առնվազն 36 դպրոցական հրաձգություն, որոնք խլել են 17 կյանք և վիրավորել առնվազն 39 մարդու։
Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)