Երևանյան

Երևանի քաղաքապետարանը առաջարկել է Կասկադ համալիրի արդիականացման երկու ծրագիր

Երևանի քաղաքապետարանը առաջարկել է Կասկադ համալիրի արդիականացման երկու ծրագիր

Երևանի քաղաքապետարանը «Ակտիվ քաղաքացի» կայքում հրապարակել է Կասկադ համալիրի արդիականացման երկու ծրագիր՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։ 

Առաջին ծրագիրը նախատեսում է կենտրոնով անցնող աստիճաններով և շարժասանդուղքներով ճանապարհը կապել Հայաստանի կարևոր խորհրդանիշներին․

«Թանգարանի բացօթյա հարթակները հնարավորություն են ստեղծելու ունենալ դիտակետեր, որտեղից բացվելու են տեսարաններ դեպի Երևան քաղաքը, Արարատ լեռը, Մայր Հայաստանի արձանը և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը։ 

Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ և շատ այլ հանրային տարածքներ»։

Երկրորդ ծրագիրը նախատեսում է կառուցել տեռասների շարք և վերականգնել համալիրի շրջակայքում եղած անտառները։ 

«Նախագիծը կազմված է հանրային անցումներից՝ լրացված տեռասներով,  սրճարաններով և ռեստորաններով, որոնք էլ ստեղծելու են աշխույժ մթնոլորտ: Կենտրոնական հատվածում նախատեսվում է 1000 նստելատեղով համերգային և երաժշտական սրահ: 

Այս նախագծի առանձնահատկություններից մեկը ժամանակակից արվեստի նոր կենտրոնն է՝ քաղաքին նայող իր ընդարձակ տեռասներով, որոնք լայն հնարավորություններ են բացում գեղարվեստական և մշակութային փոխանակման համար»։

Սակայն Երևանի քաղաքապետարանը  քվեարկելու հնարավորություն է տվել միայն Երևանի գրանցում ունեցող քաղաքացիներին, ինչը նոր դժգոհությունների պատճառ է դարձել։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)