Գիտակրթական

Կառավարության որոշմամբ կլուծարվի «Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնը»

Կառավարության որոշմամբ կլուծարվի «Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնը»

Մայիսի 2-ի կառավարության որոշմամբ լուծարվել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Տարածքը օտարվել է դեկտեմբերի 28-ի որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնավորմամբ։ 

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ լուծարման հիմքում դիտարկվել է ՊՈԱԿ-ի՝ որպես բյուջետային միջոցների շրջանակում ծառայություն մատուցող կազմակերպության վերջին տարիների գործունեության ազդեցությունը, ծախսարդյունավետությունը, ինչպես նաև Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված ոլորտային առաջնահերթությունները։

«Էկոնոմիկայի նախարարությունը դեռ 2021 թվականին նախաձեռնել էր ՊՈԱԿ-ի բարեփոխումներ՝ առաջարկելով գնահատել իրենց ռեսուրսներն ու ներկայացնել իրենց կանոնադրական հիմնական նպատակներից բխող գործունեության ծրագիր։ Սակայն ՊՈԱԿ-ի կողմից նախաձեռնողականություն չի ցուցաբերվել»։

Գիտատեխնիկական գրադարանում պահվում է մոտ 22 մլն գիտական գրականություն։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխան նամակում տեղեկանում ենք, որ նրանք ընդգրկված չեն գիտատեխնիկական գրադարանի լուծարման գործընթացում։ 

««Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի ներկայացվել  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարծիքին և նախարարությունը ընդգրկված չէ լուծարման գործընթացում։ Տեղեկացնում ենք, նաև որ 2024 թվականի հուլիսի 8-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս․ Միքայելյանի)` նվիրված «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո առաջացած խնդիրներին։ Քննարկման ժամանակ որոշվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կգույքագրվի 22 միլիոն փաստաթղթերը, կդիտարկվի դրանց արդիականության հարցը, ինչպես նաև թվայնացման հնարավորությունը»։

Կառավարության որոշմամբ՝ լուծարվելու են նաև մարզերում գրադարանի մասնաճյուղերը։ 

«2024 թվականի մայիսի 2-ին Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Ռաֆայել Գևորգյանի մասնակցությամբ ՆՁԱԿ ՊՈԱԿ-ում հանդիպում է անցկացվել աշխատակիցների հետ, որի ընթացքում քննարկվել են ՊՈԱԿ-ի լուծարման պատճառների, հիմքերի, գրադարարանային ռեսուրսների հետագա պահպանության հետ կապված հարցերը։ Հանդիպումներ են անցկացվել նաև ՊՈԱԿ-ի Գյումրու և Հրազդանի մասնաճյուղերի աշխատակիցների հետ»։

Մեզ հաջողվեց նաև կապ հաստատել Գյումրու մասնաճյուղի տնօրենի հետ։ Վերջինս նշեց, որ իրենց միայն տեղեկացրել են, որ օգոստոսի 12-ից գրադարանը այլևս չի աշխատելու։ Այնտեղ պահվող փաստաթղթերի և գրքերի ճակատագիրը անհայտ էր աշխատակիցներին։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)