Խաղաղության եվրոպական հիմնադրամը Հայաստանի զինված ուժերին կտրամադրի 10 մլն եվրո աջակցություն
Խաղաղության եվրոպական հիմնադրամը Հայաստանի զինված ուժերին կտրամադրի 10 մլն եվրո աջակցություն
Զինված ուժերում բարեփոխումներ իրականացնելու համար Եվրոպական միությունը առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել զինված ուժերի նյութական և տեխնիկական հնարավորությունները, նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանունակությանը։ Այն նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, արագացնել զինված ուժերի փոխգործունակությունը՝ հետագայում երկրի կողմից միջազգային, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից կազմակերպված ռազմական առաքելություններին ու գործողություններին հնարավոր մասնակցության համար։
Որոշման մեջ նշված է, որ աջակցությունը թույլ կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել վրանային ճամբար:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարևորել է Հայաստանի դիմակայության բարձրացումը, և նշել, որ աջակցության տրամադրումը կնպաստի այդ խնդրի լուծմանը։
«Անվտանգությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների բաղադրիչ է, որի կարևորությունն աճում է: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք ավելի ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ՝ դիտարկելով նաև Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին», — ասել է Բորելը։
ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանին աջակցությունը տրամադրվում է երկկողմ գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա։ Այն նաև ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։
Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)