Հայ զինվորները համալրվեցին հնդկական նոր սերնդի նշանոցով
Հայ զինվորները համալրվեցին հնդկական նոր սերնդի նշանոցով
«ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» զորավարժությունների ընթացքում հայ զինվորները համալրվել են Tonbo Spartan-S նշանոցներով։
Հայ-ամերիկյան համատեղ զորավարժության ընթացքում հայ զինվորները համալրվել են հնդկական նոր նշանոցով (Tonbo Spartan-S): Այն նոր սերնդի CLIPON ջերմապատկերային նշանոց է։
Նշանոցն ունի բազում հնարավորություններ ու հեշտ կիրառելիություն։ Այն կառուցված է առաջադեմ էրգոնոմիկ դիզայնով՝ մեկ ձեռքով արագ կառավարելու համար։ Նշանոցի կոճակները հեշտությամբ ղեկավարվում են նաև ձեռնոցներով։
Next Gen ջերմապատկերային նշանոցը նախագծված և օպտիմիզացված է փոքր և միջին տրամաչափի զենքերի համար։ Ունի 300 գրամ քաշ։ Tonbo Spartan-S-ը կարող է ծառայել ինչպես զենքի համար նախատեսված նշանոց, այնպես էլ կարող է տեղադրված լինել պաշտպանիչ սաղավարտին։
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)