Քաղաքական

ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովման մասին բանաձևը

ԵԽԽՎ-ն ընդունեց Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովման մասին բանաձևը

ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 
«Ադրբեջանի պատվիրակությունն արեց ամեն ինչ բանաձևը փոփոխելու կամ դրա ընդունումը տապալելու համար, բայց ոչինչ չստացվեց։ Նրանց առաջարկած մոտ 60 փոփոխությունները մերժվեցին և բանաձևն ընդունվեց։
Ի հեճուկս Ադրբեջանի պնդումների՝ ԵԽԽՎ բանաձևը հստակ արձանագրում է, որ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել Մարդու իրավունքքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, կոչ է արվում Ադրբեջանին վերականգնել էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանին նաև հասցեական կոչ է արվում հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից։» 

Վեհաժողովը Ադրբեջանին կոչ է արել հրաժարվել հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և պայքարել հանրության և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից  հնչող  ատելության խոսքի և դրանից բխող հանցագործությունների դեմ։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)