2024 թ․ Հայոց բանակը կունենա նոր տիպի համազգեստներ
Զինված ուժերի մեկնարկած բարեփոխումների շրջանակում նախատեսվում է վերանայել բանակի հագուստը։ Յուրաքանչյուր զորատեսակի համար կքննարկվեն զինվորական համազգեստի, կոշիկների, ուսադիրների, թևքանշանների և կրծքանշանների նոր տարբերակներ՝ ուշադրություն դարձնելով որակին, հարմարավետությանը և ազգային առանձնահատկություններին։
Արդեն հայտարարվել է դիզայներական ծառայությունների գնման գործընթաց և կան համազգեստի նախընտրելի տարբերակներ։
Ընտրված հագուստները անցնելու են հատուկ զորային փորձարկում։ Կարևորվելու են հագուստների գունաքողարկման, հարմարավետության և տարբեր կլիմայական պայմաններում հագնելու հնարավորությունները։
Մեծ ուշադրություն է դարձվելու նաև զինվորական կոշիկներին։ Նախատեսվում է ունենալ անջրաթափանց, ցրտադիմացկուն, թեթև կոշիկներ։
Փոփոխության են ենթարկվելու համազգեստի մյուս բաղադրիչները՝ ուսադիրները, թևքանշանները, կրծքանշանները։ Դրանք լինելու են ավելի ազգային և իրենց մեջ կրելու են հայկական սիմվոլիկան։
Նշենք, որ համազգեստը վերջին անգամ փոխվել է 10 տարի առաջ։