Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Կոտբուսի մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունից
Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հայ մարմնամարզիկները նվաճել են երեք մեդալ։
Հենացատկի եզրափակչում հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։ Վաստակելով 15․133 միավոր՝ նա առաջ է անցել Իրանի և Չինաստանի մարզիկներից և գրավել առաջին հորիզոնականը։
Հավաքականի մյուս մարզիկը՝ Գագիկ Խաչիկյանը նժույգաթափերի վարժությունում հավաքել է 14․833 միավոր և գրավել երկրորդ հորիզոնականը։ Մեծահասակների առաջնությունում սա նրա գրաված առաջին մեդալն է։ Արթուր Ավետիսյանը օղակների վարժության 14․533 միավորով հայտնվել է երրորդ հորիզոնականում։
Սպորտային մրցաշարին Հայաստանի հավաքականը մասնակցում էր մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ, իսկ մրցավարական թիմում ընդգրկված էր գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը տեղի է ունենալու փետրվարի 27-ից մինչև մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում Կատարի մայրաքաղաք Դոհայում։