«Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհին՝ սկանդալի կենտրոնում
«Եվրատեսիլ 2023»-ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհին՝ սկանդալի կենտրոնում
«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովան հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նրան մեղադրում են «The Voice» նախագծի եզրափակիչի արդյունքները կեղծելու մեջ։ Այս մասին տեղեկանում ենք «Sputnik Georgia»-ից։
Նախագծի ավարտից հետո համացանցում տարածվել են մեկնաբանություններ, թե երգչուհու հաղթանակը նախօրոք ծրագրված է եղել։ Կասակածներն էլ ավելի մեծացան, երբ «Georgian Times» հեռուստաալիքը հրապարակեց աուդիո ձայնագրություն, որում իբր նախագծի մենթորներից Դավիթ Եվգենիձեն ասում է, որ ողջ թիմը «լրջորեն աշխատում է»՝ ապահովելու Խեչանովայի եզրափակիչ դուրս գալն ու հաղթանակը։
Նախագծի մասնակից «Ալլեգրո» խումբը նույնպես ասում է, որ Խեչանովայի հաղթանակը ծրագրված է եղել, իսկ ձայները՝ կեղծված։ Իրավիճակը դեռևս չի մեկնաբանել ո՛չ վրացական Առաջին ալիքը, որով հեռարձակվելու է մրցույթը, ո՛չ էլ երգչուհին։
Նշենք, որ Իրուն մայիսի 11-ին պետք է ելույթ ունենա «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում։ 22-ամյա երգչուհին եղել է «Candy» խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի մայիսի 9-ից 13-ը Լիվերպուլում։ Հայաստանը ներկայացնող Բրյունետը՝ Էլեն Երեմյանը, նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում:
Մարինե Զոհրաբյան (կամավոր թղթակից)