Քաղաքական

Ռուս-ուկրինական հակասությունները և Հայաստանը․ ակնարկ

Ռուս-ուկրինական հակասությունները և Հայաստանը․ ակնարկ

Վերջին շրջանում տարածաշրջանում աշխարահաքաղական գործընթացները մեծ թափ են ստացել և դրանում շատ կարևոր է հասկանալ Հայաստանի դերը,քանի որ այդ բոլոր գործընթացները ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում են Հայաստանին։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հետխորհրդային տարածաշրջանումպայթեց մի նոր հակասություն՝ ռուս-ուկրինական հակամարտությունը, որի խնդիրները գալիս են դեռևս խորհրդային տարիներից։ Ինչու՞ է առաջացել այդ հակասությունը, ի՞նչ ազդեցություն ունի այն Հայաստանյան իրականության վրա և ինչպիսի՞ մոտեցում պիտի որդեգրի Հայաստանը հնարավոր սպառնալիքներից խուսափելու համար՝ հնթացս կանդրադառնանք։ Ն. Խրուշչովի կառավարման շրջանում Ղրիմի թերակղզին այնտեղ ապրող էթնիկ ռուս մեծամասնությամբ փոխանցվեց Ուկրաինային։ Այս դանդաղ գործող ռումբը իրեն զգացնել տվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, սակայն անշրջելի լարվածության չհասցրեց իրավիճակը մինչև 2014թ.։ Դեռևս 1997թ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված Բարեկամության, համագործակության և գործընկերության մասին պայմանագրով երկու երկրները պարտավորվել էին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ուկրաինայում իշխանափոխությունից հետո Ռուսաստանը, հանրաքվեի արդյունքներից ելնելով, թերակղզին միավորեց իրեն։ Այդ պահից սկսած՝ Ղրիմի պատկանելության մասին երկու կողմերն էլ առաջ են քաշում միջազգային իրավունքի տարբեր նորմերով հաստատվող տեսակետներ, սակայն հարցը միանշանակ պատասխան դեռևս չունի։ Այստեղ էլ, ինչպես Արցախի խնդրում, բախվում են տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները։ Ռուսաստանը հղում է անում ազգերի ինքնորոշման իրավունքին՝ պաշտպանելով ռուս մեծամասնության կողմից իրենց ապագան հանրաքվեի միջոցով որոշելու իրավունքը։ Ուկրաինական կողմը և նրան աջակցող արևմտյան պետությունները չեն ճանաչել ոչ հանրաքվեն, ոչ Ղրիմի միացումը ՌԴ-ին՝ այն որակելով բռնակցում և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։ Երկրում հեղափոխությունը և Ղրիմի միացումը սկիզբ դրեցին նոր ճգնաժամի Ուկրաինայի արևելքում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, որտեղ էլ հատուկ օպերացիա իրականացնելու և տեղի բնակչությանը ցեղասպանությունից փրկելու համար ՌԴ-ն չհայտարարված պատերազմ սկսեց Ուկրաինայի հետ։ Նախօրոք Ռուսաստանը ԱՄՆ-ին ներկայացրել էր անվտանգային երաշխիքների փաթեթ, որը անուղղակիորեն մերժվեց, և Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կանխելու համար ՌԴ-ն դիմեց կտրուկ գործողությունների։ Պաշտոնական մակարդակում եղան հայտարարություններ, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի անվտանգությանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք Ռուսաստանի համար շատ վտանգավոր և անվերջանալի մի գործընթաց է: Ուկրաինայում հետախուզության ռադիոլոկացիոն միջոցների և բալիստիկ հրթիռների տեղակայման դեպքում նրանք կկարողանան խոցել օբյեկտները Ռուսաստանի ամբողջ եվրոպական տարածքում, ինչպես նաև Ուրալում: «Տոմահաուկ» թևավոր հրթիռների թռիչքային ժամանակը մինչև Մոսկվա կկազմի 35 րոպեից պակաս, Խարկովի շրջանից բալիստիկ հրթիռները՝ 7-8 րոպե, իսկ հիպերձայնային հարվածային միջոցները՝ 4-5 րոպե: «Դա ուղղակի դանակ է կոկորդին, և նրանք, չեմ կասկածում, որ մտադիր են իրականացնել այդ ծրագրերը»,-հայտարարել էր Պուտինը: Սակայն այս հատուկ գործողությունը դեռևս չավարտված՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Շվեդիան և Ֆինլանդիան, որոնց հայտի հաստատման դեպքում դեպի ՌԴ եվրոպական մաս հրթիռների թռիչքի տևողությունը կկազմի առավելագույնը 1 րոպե, ինչից կարելի է եզրակացնել, որ անգամ Ուկրաինայում հաղթանակը կկորցնի իր ողջ նշանակությունը։ Սակայն միանշանակ չէ նաև վերոնշյալ երկրների մասնակցությունը ՆԱՏՕ-ին: Թուրքիայի հարցի շուրջ բացասական, ապա նաև փոխզիջողական հայտարարությունները ցույց են տալիս կառույցի ներքին խմորումների հորզիոնները։ Այստեղ միանշանակ է, որ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանը առևտրային բանակցությունների մեջ է մտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, ինչը մեծ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Արդեն հասկանալի է, որ Ֆինլանդիանի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ ՌԴ-ի համար ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կունենա, ինչը կանխելու համար, կարծում ենք, ՌԴ-ն պատրաստ է բավական լուրջ զիջումների թուրքերին, որոնք, իհարկե, կարող են իրականացվել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հաշվին։ Այս պահին դժվար է հստակ ասել, թե ինչպիսի տեսք կունենան այդ զիջումները, բայց կարելի է ենթադրել, որ դրանք կներառեն այսպես կոչվող «Զանգեզուրի միջանցքը» կամ Հայաստանի ու Արցախի նոր տարածքային զիջումները Ադրբեջանին։ Բացի Թուրքիայից, այստեղ կարևոր է նաև Ադրբեջանի գործոնը։ Քանզի ռուսական գազային ճնշումները թուլացնելու մի տարբերակ է դիտարկվում Ադրբեջանը Եվրոպայի համար։ Սակայն թե Թուրքիային, թե Ադրբեջանին Ուկրաինայից հեռու պահելու համար ՌԴ-ն գնացել և գնալու է զիջումների։ Մեծ կարևորություն ունի նաև Հայաստանի դիրքորոշման հարցը պատերազմի ընթացքում։ Ռուսաստանին բացահայտ աջակցություն է տրամադրել միայն Բելառուսը՝ ի դեմս նախագահ Լուկաշենկոյի, որը ևս հայտնվել է արևմտյան աննախադեպ պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ։ Այսինքն Ռուսաստանին բացահայտ աջակցությունը հղի է միջազգային ուղղակի պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգով։ Մյուս կողմից Հայաստանը չի կարող աջակցել Ուկրաինային, քանզի հակամարտող կողմը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, որի հետ հարաբերությունների լարումը ևս հղի է անկանխատեսելի հետևանքներով, ընդ որում՝ մինչև ռազմական։ Կարծում ենք, որ այս պարագայում լավագույն տարբերակը չեզոք դիրքորոշում որդեգրելն է, ինչն էլ արել է Հայաստանը, բայց նաև հասկանալի է, որ այսպիսի քաղաքականությունը շարունակական լինել չի կարող, քանզի Հայաստանը չունի բավարար արտաքաղաքական և աշխարհաքաղաքական ռեսուրսներ, որոնց գերակշիռ մասը փոշիացվեց քառասունչորսօրյա պատերազմի հետևանքով։ Սակայն նկատելի է նաև, որ դեռևս անհաղթահարելի ճնշումներ չկան ոչ Ռուսաստանի, ոչ արևմուտքի կողմից յուրաքանչյուրին բացահայտ աջակցելու համար։ Իսկ ՀՀ վարչապետի դեպի ՌԴ վերջին պաշտոնական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը իրավունք են տալիս եզրակացնելու, որ ՌԴ-ն հասել է իրեն ցանկալի զիջումների Հայաստանի կողմից, ինչը ընդունելի տարբերակ է և ՀՀ իշխանությունների համար։

Վերլուծական հոդվածի հեղինակ՝ Լիլիթ Եկմալյան (վերլուծաբան, պատմության մագիստրոս)